Վարդաշենի անօթևանների կացարանի 93 բնակիչները կտրականապես դեմ են Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատ տեղափոխվելու՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշմանը։ Նրանք այսօր նախարարության շենքի առջև էին, խնդրում էին, որ գոնե կես տարի էլ ապրեն Վարդաշենի կացարանում։
«Չենք ուզում, բոլորիս կարծիքն է, բոլորս միահամուռ կերպով խնդրում ենք կառավարությանը՝ մեզ թողեն հանգիստ էլի»։
«Հիմա էս ձմեռվա կեսով, որ մեզ, գոնե 6 ամսով թող մեր կազմակերպության հետ պայմանագիրը երկարացնեն, դրանից հետո ամառ ա, մի բան կլինի, Աստված մեծ է», - ասում են նրանց։
Անօթևանների կացարանը մի քանի տարի է` կառավարում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը, որի պայմանագրի ժամկետը լրացել է դեկտեմբերի 31-ին։ Թեև նախարարությունը դեկտեմբերին մրցույթ էր հայտարարել՝ այս ծառայությունը այլ կազմակերպության պատվիրակելու համար, սակայն որևէ մեկը չի մասնակցել։ Իսկ «Կոֆոեդ» հիմնադրամը չի մասնակցել մրցույթին, քանի որ, ինչպես պարզաբանում է սոցապնախարարությունը, մեկ այլ ծրագրի շրջանակներում ոչ պատշաճ ծառայություն է մատուցել և զրկվել պետական դրամաշնորհների մրցույթներին մասնակցելու իրավունքից։
Այսօր նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպեցին թե՛ կացարանի բնակիչները, թե՛ աշխատակիցները։ Երկու կողմն էլ պնդել է իր դիրքորոշումը։ Վարդաշենի կացարանի բնակիչները տարբեր պատճառներ են նշում, թե ինչու են դեմ թիվ մեկ տուն-ինտերնատ տեղափոխվելուն. մեկն ասում է՝ Վարդաշենում ավելի լավ է, մյուսը՝ թե նոր կացարանից չեն կարողանա դուրս գալ, աշխատել, ազատ տեղաշարժվել, նախընտրում են՝ ձմռան ցրտին դրսում հայտնվել։
«Իենց ոչ մի պայմանները մեզ հարկավոր չի, մեզ բավարարում է մեր ամեն պայմանները»:
«4-րդ գյուղի տարածք ես չեմ կարող գնալ, որովհետև էնտեղ ոչ մի բանի ծանոթ չեմ»:
«Փողոցում պիտի հայտնվենք, ուրիշ տարբերակ չկա, անջատելու է գազը, ջուրը, լույսերը, դուռը պլոմբի, մենք էլ մնանք դրսում»։
Նախարարությունից էլ պնդում են, թե թիվ մեկ տուն-ինտերնատի պայմանները շատ ավելի լավն են. «Օրինակ` եթե բնակվում էին ավելի շատ անձինք մի սենյակում, այս նոր պայմաններն իրենց ավելի հարմարավետ կլինեն: Այս տեսանկյունից ևս ավելի քիչ մարդիկ կլինեն մի սենյակում: Նաև կլինի տարբերակված մոտեցում տարեցների նկատմամբ, երիտասարդներն` առանձին մասնաշենքում»:
Թիվ մեկ տուն-ինտերնատի տնօրեն Կոլյա Մակարյանը վստահեցնում է՝ իրենց մոտ ևս բնակիչները ազատ են, կարող են թե՛ աշխատել, թե՛ օրվա ընթացքում դուրս գալ տարածքից. «Իրենք տեղյակ են պահելու` առնվազն ուր են գնում` աշխատանքի են գնում, հարազատին այցելության են գնում»:
Մի մասնաշենքում, որտեղ պայմանները բնավ չեն գերազանցում Վարդաշենի կացարանին, ապրելու են անօթևան տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, այն քաղաքացիները, որոնք չեն կարող աշխատել, մյուսները՝ աշխատողները, մոտ 50-60 հոգի ապրելու են այլ մասնաշենքում։
Անօթևաններն այսօր էլ հետ գնացին իրենց կացարան, բայց նրանց ճակատագիրն անհայտ է, մեկ բան է հստակ՝ թիվ մեկ տուն-ինտերնատ չեն ցանկանում գնալ, նախարարությունն էլ չի պատրաստվում հրաժարվել նրանց տեղափոխելու իր որոշումից։