Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնաբքի պատճառով կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է մոտ 600 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկատվությունը։
Հիշեցնենք՝ Լարսի ավտոճանապարհը անցած շաբաթ հիմնականում փակ էր, այս շաբաթասկզբին բացվել էր բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։
ԱԻՆ-ը հաղորդում է նաև, որ Հայաստանի տարածքում փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: