Twitter-ի (Թվիթեր) նոր սեփականատեր Իլոն Մասկը չեղարկել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվն արգելափակելու որոշումը։
Մասկը Թվիթերում հարցում է անցկացրել Թրամփի օգտահաշվի վերականգնման վերաբերյալ։ Պատասխանողների ավելի քան 50 տոկոսը կողմ է արտահայտվել նախկին նախագահի էջի վերականգնմանը։ Քվեարկությանը մասնակցել է 15 միլիոն օգտատեր։
Թրամփը, սակայն, ասել է, որ չի պատրաստվում վերադառնալ Twitter և կօգտագործի իր Truth Social սոցիալական ցանցը, հայտնում է Reuters-ը։ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի էջն ունի ավելի քան ինը միլիոն բաժանորդ։
Նախագահության վերջին ժամանակաշրջանում՝ 2021 թվականի հունվարին, Դոնալդ Թրամփը զրկվել է Twitter, Facebook և Instagram ցանցերում գրառումներ անելու իրավունքից: Սոցցանցերն այդ արգելքները սահմանել էին այն բանից հետո, երբ Թրամփի աջակիցները փորձել են Կոնգրեսում կանխել 2020 թվականի նոյեմբերի ընտրությունների արդյունքների հաստատումը և Ջո Բայդենի հաղթանակի վավերացումը, ներխուժել Վաշինգտոնի Կապիտոլիումի շենք։ Մի քանի մարդ մահացել է։
Սոցցանցերի ղեկավարությունը որոշել էր, որ Թրամփն իր օգտահաշիվներում ապստամբության է դրդել իր կողմնակիցներին։
Իլոն Մասկը հոկտեմբերի վերջին 44 միլիարդ դոլարով գնեց Twitter-ը։