Մատչելիության հղումներ

Չնայած կառավարության խոստումներին՝ գիտնականների աշխատավարձը գրեթե անփոփոխ է


Մոտ 90 հազար դրամ մաքուր եկամուտ։ Երևանից 19 կիլոմետր հեռու Աշտարակում տեղակայված ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատողներն ու լաբորանտները մեկ ամսում հենց այսքան գումար են վաստակում։

Իշխանությունների հայտարարած գիտության աննախադեպ մեծ ֆինանսավորումը նրանց ու բազմաթիվ այլ մասնագետների կյանքն առայժմ ոչնչով դեպի լավը չի փոխել։

«Կառավարության որոշմամբ նախատեսված է միայն գիտական պաշտոնների աշխատավարձի ավելացում։ Դա որոշակի լարվածություն է ստեղծում կոլեկտիվի մեջ», - ասում է կրտսեր գիտաշխատողներից մեկը:

Այս ինտիտուտը տեղեկայված է հենց այն գիտավանում, որն իշխանությունները ծրագրում են ապագայում գիտակրթական մեծ կենտրոն դարձնել։

Տարբեր հետազոտություններ, պատվերներ իրականացնող Ռադիոֆիզիկայի ինստիտուտում գիտության ֆինանսավորման շուրջ 85 տոկոսով ավելացումն առայժմ շատ քչերն են զգացել։ Տնօրեն Տիգրան Զաքարյանը «բախտավորներից» է, նրա աշխատավարձը այս տարվա սկզբից 220 հազարից 400 հազար դրամ դարձավ։ 100 հոգանոց անձնակազմում նման բախտի սակայն քչերն են արժանացել, կտրուկ բարձրացել է միայն պաշտոն ունեցող շուրջ 10 գիտնականի աշխատավարձը. - «Մենք ունեինք լաբորատորիայի վարիչ, որը ստանում էր 140 հազար, դարձավ 350։ Բայց օրինակ կրստեր գիտաշխատողը, որը ստանում էր նվազագույն աշխատավարձ, մոտավոր 100 հազար, խոսքը գնում է հարկերով, դա մաքուր աշխատավարձը չէ, դարձավ 120 հազար»։

Անցած տարի հենց այս ժամանակ էին իշխանությունները պարծենում ոլորտի հատկացումների սպասվող էական աճով։ Այս մասին անձամբ վարչապետն էր հաճախ խոսում, գիտնականների հետ քննարկումներ կազմակերպում. - «2017-18 թվականների նկատմամբ գիտության համախառն ֆինանսավորումը ըստ էության կրկնապատկվում է։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է։ Ուզում եմ արձանագրել նաև, որ մենք արդեն ընդունել ենք ծրագիր մինչև 2026 թվականը գիտության ոլորտի աշխատողների բազային աշխատավարձի աճի վերաբերյալ։ Մեր քննարկման հիմնական նպատակը նա է, որ մենք տեսնենք, թե էս ֆինանսավորումը ինչպես ենք տեղաբաշխում, որպեսզի ոչ թե միայն աշխատավարձերի բարձրացման մասին վերնագիր լինի, այլ մենք նաև կարողանանք ակնկալել միջնաժամկետ հատվածում կոնկրետ արդյունքներ»։

Փաշինյանի այս հայտարարություններից մեկ տարի անց սակայն մասնագետներն պնդում են՝ խոստումները թղթի վրա են մնում, նախատեսված ծախսերն ամբողջությամբ չեն իրականացվում։

Տարբեր ոլորտների մասնագետների, գիտնականների, գործարարների միավորող ու գիտության զարգացմանն աջակցելու նպատակով ստեղծված «Գիտուժ» նախաձեռնությունն օրերս մի վերլուծություն է հրապարակել՝ եզրակացնելով, որ գործադիրը չի կարողացել անհրաժեշտ արագությամբ մեկնարկել գիտական և տեխնոլոգիական արդիականացման գործընթացը՝ չնայած այս տարվա համար նախատեսված ավելի քան 25 միլիարդ դրամ բյուջեին։

«Պատկերը ուղղակի հետևյալն է. կառավարությունն ունի միջոցառումների ծրագիր, բայց իրականում կատարողականը զգալի զիջում է։ Դա չի նշանակում, որ հասցրել է կատարել, ճիշտ չի։ Բայց շատ ֆունդամենտալ ու կարևոր բաներ այնուամենայնիվ չի կարողացել անել», - ասում է ուսումնասիրության համահեղինակ Արամ Ջիվանյանը։

Նրա պնդմամբ՝ այս ամենը շատ խորքային խնդիրների մասին է խոսում։ Երիտասարդ գիտնականը շեշտում է, որ աշխատավարձերի բարձրացումը չէ, որ պետք է զարգացնի գիտությունը։ Դա ամենահեշտ ու առաջին քայլն է, ինչին պետք է հաջորդեին կառուցվածքային փոփոխությունները. - «Աշխատավարձերի բարձրացումը շատ կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ, որից պետք է սկսել, բայց դրանով համակարգը չես փոխի։ Խոսքը վերաբերում է նոր ֆունդամենտալ համակարգի ստեղծմանն ուղղված միջոցառումներին։ Ո՞րն է պետության կոնկրետ պատվերը, խնդիրները, ինչի համար ինքը գումար է հատկացնում։ Ո՞նց է պետությունը հասնում էդ խնդիրների իրականացմանը ու տեր կանգնում առաջարկվող լուծումներին։ Այդ պրոցեսը մեր մոտ բացակայում է»։

2023-ի բյուջեով կառավարությունն է'լ ավելի շատ գումար է նախատեսում հատկացնել գիտությանը՝ մոտ 30 միլիարդ դրամ, օրվա փոխարժեքով սա շուրջ 76 միլիոն դոլար է կազմում։ Գիտնականներն ասում են, որ տեսնում են իշխանությունների ոլորտը զարգացնելու ցանկությունը, բայց այս գումարներն առայժմ էական բարեփոխումների չեն հանգեցրել։ Ռեսուրսները ճիշտ չեն ծախսվում։

Ոլորտը համակարգող Գիտության կոմիտեից նախորդ օրերի ընթացքում մեկնաբանություն ստանալ «Ազատությանը» չի հաջողվել։ Խոստացել են հարցերին պատասխանել ավելի ուշ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG