Մատչելիության հղումներ

Մալայզիական օդանավի խոցման գործով երեք մեղադրալներ հեռակա կարգով դատապարտվեցին ցմահ ազատազրկման


Նիդերլանդների դատարանը վճիռ է կայացնում մալայզիական օդանավի խոցման գործով, Սխիպյհոլ, Ամստերդամի արվարձան, 17 նոյեմբերի, 2022թ.
Նիդերլանդների դատարանը վճիռ է կայացնում մալայզիական օդանավի խոցման գործով, Սխիպյհոլ, Ամստերդամի արվարձան, 17 նոյեմբերի, 2022թ.

Նիդերլանդների դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող օդանավը 2014 թվականի հուլիսի 17-ին Ուկրաինայի օդային տարածքում «Բուկ» հրթիռով ոչնչացնելու համար մեղադրվող չորս ռուսամետ անջատականներից երեքին:

Ամստերդամի մոտակայքում գտնվող Սխիպհոլ օդանավակայանի համալիրի տարածքում ընթացող դատական նիստում վճիռն ընթերցել է նախագահող դատավոր Խենդրիկ Ստենխեյսը:

«Այս դեպքում մեղավորների համար պետք է ընտրել միակ հնարավոր պատժաչափը՝ ցմահ ազատազրկում: Դատարանը պահանջում է բանտարկել մեղավորներին: Մենք գիտակցում ենք, որ պատժաչափի սահմանումը որևէ կերպ չի ամոքի հարազատներին և մտերիմներին կորցրածների ցավը: Բայց հիմա գոնե պարզ է դառնում, թե ովքեր են մեղավորները»,- ասել է դատավորը:

Դատարանը մեղավոր է ճանաչել Իգոր Գիրկինին, Սերգեյ Դուբինսկուն և Լեոնիդ Խարչենկոյին: Չորրորդ ամբաստանյանլը՝ Օլեգ Պուլատովը, որի շահերը հոլանդացի փաստաբաններն են ներկայացրել, այսօր արդարացվել է:

Մալայզիական օդանավի խոցման հետևանքով զոհվել են «Բոինգում» գտնվող բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 298 մարդ:

Ռուսաստանը կտրականապես հերքում է ուղևորատար օդանավի ոչնչացման հետ առնչություն ունենալու մեղադրանքը:

Փորձագետների մի մասը ենթադրում է, որ արձակելով Ռուսաստանի տարածքից բերված «Բուկը», ռուս անջատականները համոզված են եղել, որ թիրախն Ուկրաինայի օդուժի ռազմական ինքնաթիռն է: «Բուկը» փոխադրող բեռնատար մեքենան հաջորդ օրը շտապ վերադարձել է Ռուսաստան:

XS
SM
MD
LG