Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է երկրում Իսրայելի քաղաքացու սպանության փորձի կանխման մասին։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ձերբակալվել է Պակիստանի քաղաքացի, որը, ենթադրաբար, պետք է կատարեր սպանությունը, ինչպես նաև Վրաստանի և Իրանի երկքաղաքացիություն ունեցող անձինք. նրանք, ըստ իրավապահների, պետք է զենքը հասցնեին հանցագործությունն իրականացնողին։
«Նույնականացվել է արտերկրում բնակվող կազմակերպիչների ինքնությունը, որոնց թվում է սպանության ենթադրյալ պատվիրատուն՝ Իրանի քաղաքացին, ինչպես նաև այլ մասնակիցներ, որոնց նկատմամբ իրականացվում են օպերատիվ-որոնողական համալիր միջոցառումներ», - ասվում է Վրաստանի պետանվտանգության ծառայության հաղորդագրությունում։
Հետաքննությունը պարզել է, որ «հանցավոր խումբը Վրաստան է ուղարկել Պակիստանի քաղաքացուն, որին հանձնարարվել է սպանել Իսրայելի քաղաքացուն Վրաստանում»։
Իրանից այս պնդումներին դեռևս չեն արձագանքել։
Նախօրեին էլ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հերթական հաղորդագրությամբ հայտարարել է, թե բացահայտել և ձերբակալել է Ադրբեջանի հինգ քաղաքացիների, որոնք լրտեսություն են իրականացրել հօգուտ Իրանի Իսլամական Հանրապետության։ Նրանց մեղադրանք է առաջադրվել դավաճանության համար: