Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է անձամբ չմասնակցել Բալիում գումարվող «Մեծ քսանի» (G20) գագաթնաժողովին, քանի որ հանգամանքները պարտադրում են մնալ երկրում:
«Ինչ վերաբերում է նախագահին՝ հանգամանքներն առաջնահերթ են դարձնում նրա Ռուսաստանում մնալը, հետևաբար ընդունվել է [արտաքին գործերի նախարար] Սերգեյ Լավրովին Բալի գործուղելու որոշում», - ասել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ «Մեծ քսանի» լիդերները ցանկության դեպքում կարող են հանդիպում անցկացնել ռուսական կողմի հետ:
«Ռուսաստանի Դաշնությունը հավաքում ներկայացված է շատ բարձր մակարդակով, Լավրովն այնտեղ շփվում է հավաքի մասնակիցներից շատերի հետ, բոլոր նրանք, ովքեր կցանկանան դա անել, ունեն այդ հնարավորությունը», - նշել է Կրեմլի մամլո խոսնակը:
Արևմտյան մի շարք երկրների ղեկավարներ անցած շաբաթներին զգուշացրել են, որ կբոյկոտեն գագաթնաժողովն այն դեպքում, եթե Պուտինն ընդգրկվի մասնակիցների թվում: