Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի անհատների և ընկերությունների անդրազգային ցանցի նկատմամբ, որոնք ներգրավված են եղել Ռուսաստանի համար Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակմանը նպաստող ռազմական տեխնոլոգիաների գնման և մատակարարման մեջ:
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը Բալիում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է նաև, որ պատժամիջոցները կվերաբերեն 14 մարդու և 28 կազմակերպության, այդ թվում՝ ֆինանսական միջնորդների, սակայն հրաժարվել է ավելի շատ մանրամասներ հաղորդել: Վաշինգտոնը նախատեսում է այդ մասին հայտնել նոյեմբերի 14-ին, ասել է նա։
«Սա մեր զանգվածային ջանքերի մի մասն է՝ հակազդելու ռուսական ռազմական գործողություններին և դադարեցնելու հասանելիությունը հիմնական սարքավորումներին՝ պատժամիջոցների և արտահանման վերահսկողության միջոցով», - ասել է Ելենը լրագրողներին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է առաջիկա շաբաթներին հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին։
«Մենք կայուն ենք մնում անվտանգության ապահովման հարցում: Դուք գիտեք օգնության մեկ փաթեթի մասին, որը մենք նոր ենք հայտարարել, հաջորդ շաբաթների ընթացքում կլինի ևս մեկը», - ասել է Սալիվանը լրագրողներին: