Մատչելիության հղումներ

ԱՄՆ կառավարությունը խոշոր բանկերին խնդրել է չհրաժարվել «որոշ ռուսական ընկերությունների» հետ համագործակցությունից. Bloomberg


ԱՄՆ - Citibank-ը Նյու Յորքում, արխիվ
ԱՄՆ - Citibank-ը Նյու Յորքում, արխիվ

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը և Պետդեպարտամենտը խոշոր բանկերին, այդ թվում՝ JPMorgan-ին և Citigroup-ին, ոչ հրապարակավ խնդրել են չհրաժարվել «որոշ ռուսական ընկերությունների» հետ համագործակցությունից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ամերիկյան կառավարությունը մասնավորապես ակնարկել է շարունակել հիմնական ծառայությունները՝ դոլարով հաշվարկներ, փոխանցումներ, առևտրի ֆինանսավորում, այնպիսի ընկերություններին, ինչպիսին են «Գազպրոմ»-ը, «Ուրալկալի»-ն և «ՖոսԱգրո»-ն:

Գործակալության տվյալներով՝ Ջո Բայդենի վարչակազմն այդպիսով ցանկանում է նվազեցնել պատժամիջոցների բացասական ազդեցությունը և խուսափել «մոլորակի վրա համաշխարհային տնտեսական աղետից ու սովից»։

«Աշխարհի պարենային անվտանգությունը սերտ կապված է այդ գործարքների հետ։ Մենք շարունակում ենք պարզաբանել և հավաստիացնել բանկերին, գյուղատնտեսական ապրանքների առևտրով զբաղվողներին, որ պատժամիջոցների ռեժիմն իրենց վրա չի տարածվի», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ'Բրայենը:

Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո խոշորագույն անդրազգային բանկերը սկսեցին կրճատել իրենց գործունեությունը Ռուսաստանում և հրաժարվել ռուս հաճախորդների հետ բիզնեսից։


XS
SM
MD
LG