Մատչելիության հղումներ

Արտակ Նազարյանի գործով ՄԻԵԴ վճիռն ընտանիքը ոչ միանշանակ է գնահատում


2010-ին Տավուշի դիրքերից մեկում ծառայության ընթացքում մահացած, իսկ ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղած 30-ամյա պայմանագրային Արտակ Նազարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռն ընտանիքը ոչ միանշանակ է գնահատում։

5-ամյա քննությունից հետո Եվրոպական դատարանը վճռել է, որ Հայաստանի իշխանությունները նախ չեն երաշխավորել զինծառայողի կյանքի իրավունքը, հետո էլ ձախողել են գործի անաչառ քննությունը:

«Եվրոպական դատարանը վերջապես գնահատել է, որ կառավարությունը, այսինքն, հետաքննական մարմինները, դատարանը, իրենց գործում արել են բազմաթիվ խախտումներ, արդար դատաքննություն չեն ապահովել, բայց խոսել է կարծես կառավարության լեզվով, խոսվում է այն մասին, որ սպանության վարկածը հաստատված չէ, այնինչ սպանության վարկած ոչ ոք չի էլ քննել», - ասաց քույրը՝ Ծովինար Նազարյանը:

Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով պատժվել են նրա 5 ծառայակիցները՝ 3-ից մինչև 10 տարվա ազատազրկմամբ։ Նրանք, սակայն, չեն ընդունել մեղադրանքը։

Արտակը մահացել է իրեն ամրակցված զենքից, որի վրա, սակայն, չէին պահպանվել մատնահետքերը։ Մինչ դատարանը հաստատված էր համարել, որ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների հետևանքով Նազարյանը վերջ էր տվել կյանքին, ընտանիքն ու պաշտպանները վստահ էին՝ Արտակին սպանել էին, ապա թաքցրել ու կեղծել բազմաթիվ ապացույցներ, ցուցմունքներ, վկաներն, իրենց հերթին, ծեծի ու խոշտանգումների էին ենթարկվել։

Լեյտենանտի քույր Ծովինար Նազարյանը հիասթափված է, որ Եվրոպական դատարանը, ընդունելով ինքնասպանության վարկածը, հարց չի բարձրացրել, թե ինչո՞ւ չի դիտարկվել սպանության հավանականությունը, նկատել է հետաքննության անճշտությունները, բայց հարկ չի համարել պարզել՝ ինչո՞ւ են դրանք արվել։

«Խոսել այն մասին, թե կառավարությունը չի կանխել ինքնասպանությունը, դա ուղղակի աբսուրդ է, որովհետև Եվրոպական դատարանն ինքն իրեն հարց պետք է տար՝ իսկ ինչի՞ համար են արվել այս բոլոր խախտումները, ո՞րն է եղել կառավարական մարմինների մոտիվը՝ այս խախտումները անելու», - ընդգծեց քույրը:

2010-ից 13 թվականներին այս գործով դատական նիստերը Հայաստանում լայնորեն լուսաբանվում էին և իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում էին։

«Ամենաաղմկահարույց զինվորական գործերից մեկն է, երբ որ հայտարարեցին, որ ինքնասպան է եղել, այսինքն, Պաշտպանության նախարարությունը, և դրա հաջորդ օրը մենք հրապարակեցինք, թե ինչպիսի բռնությունների էր ենթարկվել Արտակ Նազարյանը և ինքնասպան լինել չէր կարող: Նաև կարծիքներ կային փորձագետների մոտ, որ ծեծելով են սպանել նրան ու հետո իմիտացիա են արել, նաև այդպիսի տեսակետ կար», - ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

ՄԻԵԴ-ի վճիռն արդեն բավարար է, որ Հայաստանում Արտակ Նազարյանի գործը վերաբացվի։ Սակայն արդյոք գործի նոր քննությունը կարո՞ղ է կատարվել այլ որակով, հարց են բարձրացնում և՛ Արտակի քույրը, և՛ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Դա արդեն, ճիշտն ասած, կառավարության խնդիրն է, ներկա կառավարության, որը հեղափոխական ամբիցիաներով է հայտնվել իշխանության գլխին, բայց որի օրոք ես տեսել եմ, որ բանակի սպանությունները նույն ձևով են քննվել ու նույն ձեռագիրն է շարունակվել և ոչ միայն բանակում, ընդհանրապես իրավապահ համակարգը մնացել է նույնը», - նշեց Ծովինար Նազարյանը:

Բանակում Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո հենց 2010 թվականին ևս 5 ինքնասպանության, ապա 12 սպանության դեպք է եղել։ Իսկ վերջին 12 տարիներին վիճակագրությունը էական փոփոխության չի ենթարկվել։ Անցյալ տարի, օրինակ, զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհվել է 57 հոգի, նրանցից 9-ը ինքնասպան են եղել, 10 սպանվել, մյուսները մահացել այլ պատճառներով։

«Սա այն ցուցիչն է, որ չեն կանխարգելվում այդ մահվան դեպքերը բանակում, այդ անպատժելիության, այդ կրիմինալ մթնոլորտը, այդ բարքերը, և ղեկավարությունը չի փոխել այդ վիճակը, ինչպես 2010 թվին էր, 12 տարի անց մենք նույն պատկերը ունենք: Այնպես որ ոչ մի բան չի փոխվել», - ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Արդյոք Պաշտպանության նախարարությունը ջանքեր գործադրո՞ւմ է բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը վերացնելու ուղղությամբ, իրավապաշտպանի գնահատմամբ, չեն տեսնում կատարվող քայլերը, չկա լուրջ պատասխանատվություն Զինված ուժերին միացած երիտասարդների ու մյուսների կյանքի նկատմամբ։

«Սպասում են հերթական մահվանը, և դրանք չեն ուշանում», - ընդգծեց Ալեքսանյանը:

XS
SM
MD
LG