Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաջորդ երկուշաբթի կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ Բալիում մեկնարկող մեծ քսանյակի գագաթնաժողովում։ Առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում երկու գերտերությունների՝ գնալով սրվող հարաբերությունների ֆոնին։
«Վաշինգտոնը հույս ունի հող ստեղծել հարաբերությունների բարելավման համար, միաժամանակ անկեղծ է լինելու Թայվանի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության շուրջ մտահոգություններն արտահայտելիս», - ասել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Սա կողմերի առաջին դեմ առ դեմ հանդիպումն է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրությունից հետո, բանակցություններից շաբաթներ առաջ էլ Սի Ծինփինը երրորդ անգամ անգամ անընդմեջ՝ հնգամյա ժամկետով, ընտրվել էր Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ՝ դռնփակ քվեարկությամբ։