Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ամենայն հավանականությամբ, ներկա չի լինի Ինդոնեզիայում անցկացվելիք «Մեծ քսանի» գագաթնաժողովին:
Այդ մասին Վիդոդոն այսօր ասել է Շարմ Էլ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի հարցով 27-րդ հավաքի ընթացքում Financial Times բրիտանական պարբերականի թղթակցի հետ զրույցում:
«Ինդոնեզիայի նախագահը նշել է, թե ունի հստակ տպավորություն, որ Պուտինը հաջորդ շաբաթ չի մեկնի Բալի»,- գրել է բրիտանացի լրագրողը:
Ըստ պարբերականի, Վիդոդոն նշել է, որ Ռուսաստանին փոխանցված հրավերը տակավին ուժի մեջ է, և «Ջակարտան {Ինդոնեզիայի մայրաքաղաքը} ցանկանում է երկխոսություն ապահովել աշխարհի պետությունների միջև, քանի որ վերջին ժամանակաշրջանում նկատվում է միջազգային լարվածության մտահոգիչ աճ»:
Նրա փոխանցմամբ, «Մեք քսանի» հավաքը չպետք է վերածվի քաղաքական գագաթնաժողովի:
«Այն նախևառաջ պետք է նվիրված լինի տնտեսությանը և զարգացմանը»,- հայտարարել է Ջոկո Վիդոդոն:
Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գագաթնաժողովին մասնակցելու մտադրությունն առայժմ հաստատել է 17 պետություն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով նույնպես հրավիրված է այդ միջոցառմանը, հայտարարել է, թե չի մասնակցի գագաթնաժողովին, եթե այնտեղ ներկա լինի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե «Մեծ քսանի» հավաքին Պուտինի մասնակցության հարցի վերաբերյալ ստույգ տեղեկություն կլինի այս շաբաթվա ընթացքում:
«Մեծ քսանի» գագաթնաժողովը տեղի կունենա Բալիում նոյեմբերի 15-ից 16-ը: