Գերագույն հոգևոր խորհրդի քաղաքական օրակարգով ժողովն ավարտվեց քաղաքական բնույթի հայտարարությամբ։ Բարձրաստիճան հոգևորականները փակ դռների ետևում եռօրյա քննարկումներից հետո կոչ արեցին Հայաստանի իշխանություններին՝ «ամենայն ջանք գործի դնել բաժանարար գծերը վերացնելու, քաղաքական համոզմունքներով պայմանավորված խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության և թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու, ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ բովանդակային երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ»։
Տեղեկացնելով, որ քննարկել են Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը և զորակցություն հայտնելով Արցախի ժողովրդին՝ Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծում է, որ ինքնորոշման իրավունքն անսակարկելի է։ Կարևորել են նաև ռուսական խաղաղապահ ուժերի առաքելությունն Արցախում։
Ժողովին մասնակցած Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ եկեղեցին այս ողջ ընթացքում իր մտահոգությունն է հայտնել Արցախի ինքնորոշման իրավունքը վնասող գործընթացների շուրջ:
«Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակված իրավունք չէ, սա ողջ հայության արժանապատվության, պատվի գոյության մասին է: Սա պարզապես մի փոքրիկ, հեռու գտնվող, այլ գույնով ժողովրդի պատմության վերաբերյալ չէ, մեր նկարագիրն է, մեր ինքնությունը և մեր կենսագրությունը: Արցախն անբաժան մասն է մեր գոյության, հետևաբար, առանձնակի իմաստով Արցախի մասին խոսելը ես այդքան էլ ճիշտ չեմ համարում, պարզապես շեշտադրում գոյություն ունի: Եկեղեցին մշտապես իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնել՝ լինի խաղաղ պայմաններում, լինի պատերազմական օրերին, թե դրանից հետո, այս ամբողջ ընթացքում մեզ բարձրագույն իմաստով հետաքրքրել և մտահոգել է Արցախի, մեր ժողովրդի, այդ ճանապարհով ողջ հայության այս արևի տակ պատվով ապրելու իրավունքի խնդիրը», - նշեց եպիսկոպոսը:
Տավուշի թեմի առաջնորդը չի կարծում, որ Հայաստանի իշխանությունը հակված է պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները՝ նկատի ունենալով վերջին շրջանում բարձր մակարդակով հնչող հայտարարությունները։ Նրանք չունեն նման օրակարգ, պնդում է բարձրաստիճան հոգևորականը։ Մինչդեռ իշխանությունները մշտապես հայտարարում են, որ բոլոր հարթակներում պաշտպանում են արցախահայության իրավունքները։
«Իշխանություններն իրենց օրակարգն ունեն, էդ իշխանությունները իշխանություն են, որպեսզի պետության օրակարգը թելադրեն: Իրենք ընդհանրապես օրակարգ չունեն, որքան հասկանում եմ: Բոլոր օրակարգերը կան հրապարակի վրա, բացի իրենց օրակարգը՝ Հյուսիսի օրակարգ կա, Արևմուտքի օրակարգ կա, Արևելքի կա, Հարավի կա, նույնիսկ Ադրբեջանի օրակարգ կա, որտեղի անունով ասես օրակարգ կա, բացի հայկական օրակարգը: Ո՞րն է իշխանությունների օրակարգը, հայտնի՞ է դա», - ընդգծեց Գալստյանը:
Գերագույն հոգևոր խորհրդի այս հայտարարությունը նախորդում է վարչապետի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման վաղվա հանրահավաքին, որին մասնակցելու է նաև Բագրատ եպիսկոպոսը։ Ընդդիմադիրների բնորոշմամբ դա միասնության հանրահավաք է ոչ թե որևէ անձի, կուսակցության շուրջ, այլ՝ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության։
«Վեհափառ հայրապետի օրհնությամբ ներկա եմ լինելու և ելույթ եմ ունենալու, խոսելու եմ, դիմելու եմ ժողովրդին: Սա վերկուսակցական հավաք է, եթե նույնիսկ կուսակցական հավաք էլ լիներ, սա արձագանք է Արցախի մեր ժողովրդի աղաղակին: Այդ աղաղակը չի կարող անպատասխան մնալ», - ընդգծեց Բագրատ եպիսկոպոսը:
Ավելի վաղ Ամենայն Հայոց կաթողիկոսն էր Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներին Մայր Աթոռ հրավիրել՝ ծանր իրավիճակից լուծումներ փնտրելու համար։ Նախաձեռնությունը, սակայն, տապալվեց, նախկին նախագահների տեսակետները չհամընկան։
Այսօրվա հայտարարությունում Գերագույն հոգևոր խորհուրդը նաև ընդգծել է՝ երկիրը ծայրաստիճան ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար պետք է բացառել ամեն հատվածական ձգտում և շահ։