Մատչելիության հղումներ

Մահափորձ Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի դեմ


Պակիստանում հարձակման է ենթարկվել նախկին վարչապետ Իմրան Խանը։ Նրա մեքենայի վրա ինքնաձիգից կրակ է բացվել։ Նախկին վարչապետը սրունքից վիրավորվել է, նա տեղափոխվել է հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում։

Կրակոցների հետևանքով նրա աջակիցներից մեկը զոհվել է, մի քանի մարդ է վիրավորվել։

Նախկին վարչապետը նախընտրական քարոզարշավ էր իրականացնում արևելյան Վազիրաբադ նահանգում, երբ անհայտ հանցագործը ինքնաձիգից կրակ է բացել ավտոշարասյան վրա։

Իմրան Խանը պաշտոնաթող էր եղել անցած ապրիլին, երբ խորհրդարանը նրան անվստահություն հայտնեց։ Դատարանի որոշմամբ նա իրավունք չունի առաջադրվելու գալիք տարվա ընտրություններին, բայց նրա կողմնակիցները ակտիվ քարոզարշավ են վարում՝ պլանավորելով մարզերից երթով հասնել Իսլամաբադ։

Իմրան Խանի դեմ մահափորձը շատերին հիշեցրեց Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանությունը 2007 թվականի դեկտեմբերին։ Իսլամական աշխարհում առաջին կին բարձրաստիճան պաշտոնյան սպանվել էր հանրահավաքի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG