Մատչելիության հղումներ

Վերջին երկու տարիներին Զինված ուժերում մահացել է 7 պահեստազորային


Հոկտեմբերի սկզբին վարժական հավաքի մեկնած 37-ամյա Միսակ Պետրոսյանի սպանության համար մեղադրվում է հավաքի մեկ այլ մասնակից, որի անունը չի հրապարակվում։

Երեկ Քննչական կոմիտեն միայն հաղորդեց, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին, մարտական դիրքում շարքային պահեստազորայինը վիճաբանել էր Պետրոսյանի հետ, հետո ինքնաձիգից կրակել նրա գլխին, ապա կրակել ինքն իր ոտքին։ Պահեստազորայինը կալանավորված է։ Այլ մանրամասներ իրավապահները դեռ չեն հաղորդում։

37-ամյա Միսակ Պետրոսյանի հուղարկավորությունը երկուշաբթի էր, նա Երևանից էր, զբաղվում էր սեփական բիզնեսով, բնակվում էր ծնողների և եղբոր հետ։ Ընտանիքի անդամներն այսօր չցանկացան զրուցել «Ազատության» հետ։

Գլխավոր շտաբի պետն օրերս լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր այս դեպքին՝ այն որակելով միջանձնային հարաբերությունների հետևանք. - «Կարելի է որակած որպես միջանձնային հարաբերությունների շատ կոպիտ խախտում։ Ընդհանուր ծառայողական քննության արդյունքները ցույց կտան, թե ինչ է կատարվել, բայց փաստն այն է, որ պահեստազորայինը կրակել է մյուս պահեստազորայինի վրա։ Այսինքն՝ քանի որ պահեստազորայինը լրացրել է Զինված ուժերի շարքերը հասարակությունից, ուրեմն հասարակության մեջ էլ կան միջաանձնային համապատասխան չկարգավորված հարաբերություններ»։

Էդվարդ Ասրյան
Էդվարդ Ասրյան

Էդվարդ Ասրյանը, իր նախորդների պես հայտնի արտահայտությունն էր կրկնել, թե բանակը հասարակության հայելին է, և իրենք անում են ամեն ինչ զինված ուժերը բարեփոխելու համար. - «Բանակը հասարակության հայելին է։ Դուք դա լավ գիտեք։ Եվ մենք գիշեր-ցերեկ համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք դա բացառելու համար։ Ե'վ ժամկետային զինծառայողները, և' պայմանագրայինները, և' ենթասպաները, և' սպաները դուրս են եկել հասարակությունից և տարբեր դասակարգման մարդիկ են»։

«Բանակը հասարակության հայելին չէ, բանակը առանձին համակարգ է։ Երբ այդ համակարգի ներսում գտնվող առանձին անհատների, մարդկանց որոշակի իրավունքներ իսկապես օրենքով սահմանափակվում են, և նրանք գտնվում են այդ երկու տարվա կամ վարժական հավաքների դեպքում՝ որոշակի ժամանակահատվածով, գտնվում են պետության անմիջական հոգածության ներքո։ Հետևաբար ցանկացած խնդիր, ցանկացած հարաբերություն եթե ծագում է Զինված ուժերի ներսում, պետք է լուծում ստանա այդ համակարգի կողմից», - ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանը։

44-օրյա պատերազմից հետո առավել հաճախակի անցկացվող վարժական հավաքներն ուսումնասիրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ արձանագրելով դրանց խնդիրները՝ վերահսկողության պակաս, ոչ պատշաճ բժշկական ստուգում, ժամկետների խախտումներ և այլն։

Արմինե Սադիկյանը հենց մասնակիցներից է տեղեկանում խնդիրների մասին. - «Պատշաճ հրահանգավորման խնդիրը համակարգային լուծման կարիք ունի։ Պատշաճ հսկողություն չկա։ Շատերը երբ որ տարվում են վարժական հավաքների, իսկ էնտեղից կոնկրետ տեղափոխվում են զորամասեր, որտեղ պետք է այդ ծառայությունը իրականացնեն, շատ դեպքերում չգիտեն ովքեր են իրենց վերադասը, շատ դեպքերում այդ խմբերում չի նշանակվում ավագ։ Եվ հետևաբար այստեղ կարող են առաջանալ այդ միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրները»։

Մինչ իրավապահները քննում են այս տարվա հավաքների ընթացքում արդեն չորրորդ մահվան դեպքը, իրավապաշտպանները պնդում են՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության խոստացած բանակային բարեփոխումները տեսանելի չեն։

Զինված ուժերում տիրող վիճակը դրա վառ օրինակն է, ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ պնդելով, որ քանի դեռ բանակում հանցագործությունները բացահայտված չեն, անպատժելիության մթնոլորտը չի վերանա. - «Եվ էդ բացատրությունը ԳՇ պետի, որ պահեստազորայինը հասարակությունից է եկել և էդ սպանությունը տեղի է ունեցել, դա, ներողություն եմ խնդրում, շատ պարզունակ բացատրություն է։ Դա նույնիսկ բացատրություն չէ։ Մինչև էդ պահեստազորայինը հիսունմեկ դեպք է տեղի ունեցել էս տարի մահվան բանակում էդ միջանձնային փոխհարաբերությունների հողի վրա, և միշտ էլ դա կա։ Կրիմինալ մթնոլորտը բանակում առկա է, և հարցն այն է, որ որևէ մեկը չի մտածում փոխի այդ մթնոլորտը։ Եվ էդ արդարացումները, թե հասարակությունից ա էկել... որտեղից ուզում ա գա, իսկ դու ի՞նչ ես անում»։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով, 2021-ից մինչև օրս վարժական հավաքների ընթացքում մահացել է 7 պահեստազորային։ 3-ը՝ 2021-ին, 4-ը՝ 2022-ին։ Մեկը խեղդվել էր Սևանում, 5-ը առողջական տարբեր խնդիրներից էին մահացել, վերջինն էլ Միսակ Պետրոսյանի սպանության դեպքն է։

XS
SM
MD
LG