Մատչելիության հղումներ

Սեուլում հրմշտոցի զոհերի թիվը հասել է 156-ի


Սեուլի կենտրոնում հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 156-ի, այսօր հաղորդել է Yonhap գործակալությունը։

Զոհերի թվում 26 օտարերկրացի կա 14 երկրից:

Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը 151 է։ 40 հոսպիտալացվածներից 29-ի վիճակը գնահատվում է ծանր։

Հրմշտոցը սկսվել է Halloween-ի տոնակատարության ընթացքում, որին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: Հոկտեմբերի 29-ին ամբոխը հավաքվել է մայրաքաղաքի կենտրոնի այն թաղամասում, որտեղ կան մեծ թվով գիշերային ակումբներ և սրճարաններ:

Վարկածներից մեկի համաձայն, երբ ամբոխն անցել է թաղամասի նեղ հատվածով՝ լուր է տարածվել, որ «Հեմիլթոն» հյուրանոցի մոտ գտնվող ակումբ է այցելել հարավկորեացի անվանի աստղերից և ջահելների կուռքերից մեկը: Հարյուրավոր երկրպագուներ՝ մեկը մյուսի վրայով անցնելով, նետվել են դեպի այդ ակումբը, սկսվել է հրմշտոց և զանգվածային խուճապ:

Որոշ ականատեսներ պնդում են նաև, թե միջոցառմանը մասնակցող երիտասարդների մի մասը գինովցած կամ թմրանյութերի ազդեցության տակ է եղել, ինչը ոչ ադեկվատ և ագրեսիվ կեցվածքի պատճառ է դարձել:

Տեղում հերթապահող ոստիկանները չեն կարողացել վերահսկողության տակ առնել վիճակը: Հարյուրավոր մարդիկ ոտնատակ են եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG