Մատչելիության հղումներ

Սեուլում առնվազն 154 մարդ հրմշտոցի զոհ է դարձել


Halloween-ի տոնակատարությունը վերածվել է ողբերգության, Սեուլ, 30 հոկտեմբերի, 2022թ.
Halloween-ի տոնակատարությունը վերածվել է ողբերգության, Սեուլ, 30 հոկտեմբերի, 2022թ.

Երեկ երեկոյան Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Իտհեվոն թաղամասում զանգվածային հրմշտոցի հետևանքով սպանվել է առնվազն 154 մարդ՝ 98 կին և 56 տղամարդ:

Զոհերի մեծ մասը երիտասարդներ են: Կա aվելի քան 130 վիրավոր: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից մի քանիսը ծանր վիճակում են:

Հրմշտոցը սկսվել է Halloween-ի տոնակատարության ընթացքում, որին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: Ամբոխը հավաքվել է մայրաքաղաքի կենտրոնի այն թաղամասում, որտեղ կան մեծ թվով գիշերային ակումբներ և սրճարաններ:

Վարկածներից մեկի համաձայն, երբ ամբոխն անցել է թաղամասի նեղ հատվածով՝ լուր է տարածվել, որ «Հեմիլթոն» հյուրանոցի մոտ գտնվող ակումբ է այցելել հարավկորեացի անվանի աստղերից և ջահելների կուռքերից մեկը: Հարյուրավոր երկրպագուներ՝ մեկը մյուսի վրայով անցնելով, նետվել են դեպի այդ ակումբը, սկսվել է հրմշտոց և զանգվածային խուճապ:

Որոշ ականատեսներ պնդում են նաև, թե միջոցառմանը մասնակցող երիտասարդների մի մասը գինովցած կամ թմրանյութերի ազդեցության տակ է եղել, ինչը ոչ ադեկվատ և ագրեսիվ կեցվածքի պատճառ է դարձել:

Տեղում հերթապահող ոստիկանները չեն կարողացել վերահսկողության տակ առնել վիճակը: Հարյուրավոր մարդիկ ոտնատակ են եղել:

Ամբողջ գիշեր կենտրոնում ոստիկանների, արտակարգ իրավիճակների և շտապօգնության թիմեր են աշխատել:

Տասնյակ պետությունների ղեկավարներ ցավակցական հեռագրեր են հղել Հարավային Կորեայի իշխանություններին: Նախագահ Յուն Սոկ Յոլը երկրում համազգային սուգ է հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG