Մատչելիության հղումներ

«Մուլտի գրուպը» ավարտին կհասցնի «Կեմպինսկի» հյուրանոցի կառուցումը


Երևանի կենտրոնում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց երեք տարուց վեր կխոյանա գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող 18 հարկանի հյուրանոցը։

Այս տարածքում շինարարությունը դադարեցվել էր քրեական գործի պատճառով։ Ի՞նչ է փոխվել անցած չորս տարիների ընթացքում, որի հիման վրա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը թույլատրել է շարունակել վիճահարույց շինարարությունը։

Թեև երեք տարի առաջ Ծառուկյանը քաղաքապետ Հայկ Մարությանից էր բողոքում, բայց այս պատմությունը սկսվել է դեռ նրա նախորդի՝ Տարոն Մարգարյանի օրոք։ Երևանի իշխանությունները 2017-ին են Ծառուկյանի «Մուլտի գրուպին» Աբովյան փողոցի սկզբնամասում շինարարության թույլտվություն տվել, բայց այդ ընթացքում հարևանները բողոք էին ներկայացրել իրավապահներին՝ համայնքին պատկանող հողի զավթման մեղադրանքով։

Նախքան բողոքը «Մուլտի գրուպը» հասցրել էր կառուցել ստորգետնյա մասն ու առաջին երկու հարկերը՝ փորձելով առաջ շարժվել։ Դրանից հետո քաղաքապետարանը կասեցրել էր շինարարությունը, «Մուլտի գրուպին» տուգանել 2,5 միլիոն դրամով։ Նաև քրեական գործ էր հարուցվել՝ համայնքային հողի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու մեղադրանքով։ Մեղադրյալի աթոռին է հայտնվել Ծառուկյանի բիզնես կայսրության ղեկավար Սեդրակ Առուստամյանը։

Մինչ «Մուլտի գրուպի» տնօրենը դատարանում դեռ պետք է ապացուցի իր անմեղությունը, ընկերության փաստաբան Դավիթ Մանթաշյանը պնդում է՝ դատական գործը հիմք չէ հյուրանոցը չկառուցելու համար։ Այստեղ սակայն հարց է ծագում՝ եթե դատարանն ի վերջո խախտումները հաստատի, ի՞նչ կարող է դրան հետևել, ինչպե՞ս է «Մուլտի գրուպը» վերականգնելու դրանք։ Մանթաշյանը, որ չցանկացավ ձայնագրվել, այս հարցին ընդամենը մեկ պատասխան է տալիս՝ «Մուլտի գրուպը ոչ մի խախտում չի արել»։

Երևանի քաղաքապետարանն էլ առատախոս չէ այս շինարարության հարցում, չեն պատասխանում հարցին, թե արդյոք վերացել են շինարարությունն արգելելու հիմքերը։ Միայն պնդեցին, թե խնդիրը կապված էր հարկայնության հետ, ինչը նախագծով արդեն լուծվել է։

Թե նախկինում քանի՞ հարկ է նախատեսվել, քաղաքապետարանից չեն մանրամասնում, հստակ չպատասխանեց նաև ընկերության փաստաբանը՝ ընդգծելով միայն, որ հարկերի հարցը միշտ քննարկման փուլում է եղել։

Հայտնի է, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 2018-ին միայն 11 հարկի նախագծման, ոչ թե կառուցման թույլտվություն է տվել։ Բայց այս փաստաթուղթը Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ներկայացրել էր որպես կառուցման թույլտվություն՝ այդպես արդարացնելով շինարարությունը։ Մարությանն էլ հակադարձել էր. - «Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, բայց կներեք, դուք չեք տիրապետում ինֆորմացիայի»։

«Կեմպինսկի» հյուրանոցը, փաստորեն, վեր կխոյանա կառուցման երկրորդ թույլտվությունից հետո, որը Տարոն Մարգարյանից հետո տվել է Երևանի գործող քաղաքապետը։ Ընդ որում, Հրաչյա Սարգսյանը արագ է գործել՝ նախ այս օգոստոսին նախագծման, ուղիղ մեկ ամիս անց էլ կառուցման թույլտվություն է տվել։

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն այստեղ երկու հիմնական խնդիր է տեսնում՝ ինչպե՞ս է հնարավոր մեկ ամսվա մեջ կառուցման թույլտվություն տալ, երբ այդ գործընթացը ծավալուն է, նախագիծը պետք է համալիր փորձաքննություն անցներ, ստանար տարբեր եզրակացություններ, հետո նոր դիմեին քաղաքապետարան. - «Ի՞նչ է ճարտարապետական առաջադրանքը։ Դա այն փաստաթուղթն է, որի վրա ճարտարապետը սկսում է նոր իրականացնել նախագիծ։ Այսինքն՝ մինչև ճարտարապետական առաջադրանքի ստանալը, ճարտարապետը արդեն արել ա ամբողջ նախագիծը, արդեն ենթադրել ա իրան ինչ թույլ կտան, ամբողջ էդ համալիր փորձաքննությունը անցել ա, որ հենց երկրորդ օրը մտցրել ա էդ հսկա փաթեթը քաղաքապետարան, և մեկ ամսվա մեջ... իսկ նույնիսկ մենատները մեկ ամսվա մեջ հետ չեն գալիս շինթույլտվությամբ, որովհետև բազմաթիվ մասնագետներ են նայում։ Ինձ համար դա շատ զարմանալի է»։

Երկրորդ հարցը կապված է տարածքի հետ։ Ճարտարապետը կարծում է, որ բանուկ ու խիտ կառուցապատված այս հատվածում տարածքին մոտենալու խնդիրներ են լինելու. - «Հյուրանոցը դա բավականին բարդ օբյեկտ է։ Ինքը ունի ճաշարաններ, ռեստորաններ, ինքը ունի տարբեր նշանակության սննդի օբյեկտներ, ինքը կունենա երևի թե լողավազան և այլ մնացած նշանակության օբյեկտներ։ Էդ բոլորը պահանջում են սպասարկում»։

Ճարտարապետների պալատի ղեկավար Մկրտիչ Մինասյանն ընդհանրապես նորմալ չի համարում Երևանի գերծանրաբեռնված կենտրոնում մեծ մակերեսով շենքեր կառուցելը. - «Գեղարվեստական կողմի մասին էդքան չեմ ուզում ասել, որովհետև հիմա բոլորովին ընդհանրապես դեֆորմացված ա գեղարվեստական ընկալման ձևերը։ Էլեմենտար բաներ, որ չի կարելի քաղաքաշինական նման սխալներ թույլ տալ։ Ուղղակի աղավաղվում ա քաղաքի կյանքը, բնականոն ընթացքը աղավաղվում ա»։

Եվրոպական «Կեմպինսկի» շքեղ հյուրանոցների ցանցի Երևանի մասնաճյուղը զբաղեցնելու է 3 հազար քառակուսի մետր տարածք։ Քաղաքապետի թույլտվությունից պարզ է դառնում, որ դեռ 2018 թվականին նախագիծն անցել է փորձաքննություն։ Չնայած դատական գործին՝ Երևանի սրտում հյուրանոցի կառուցմանը դրական եզրակացություն են տվել Մշակույթի նախարարությունը, Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության կենտրոնը, Քաղաքաշինական կոմիտեն։

XS
SM
MD
LG