Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ են նվազեցվում պատերազմի մասնակիցների հաշմանդամության կարգերը. զինվորականները դժգոհում են


Վլադ Վարդանյան, 44-օրյա պատերազմի մասնակից։
Վլադ Վարդանյան, 44-օրյա պատերազմի մասնակից։

Մատաղիսում ռմբակոծությունից հետո ձախ ձեռքը կախվեց, աջով այն տեղավորեց զինվորական վերնազգեստի մեջ։ Արյունահոսող մարմինը տեղափոխեցին Մարտակերտի հոսպիտալ, այնտեղ ոչ ոք չկար, տարհանվել էին։

Հետո տարան Ստեփանակերտ, ձախ ձեռքը դեռ հետն էր։ Հետո տեսավ ՝ թե ինչպես են այն հեռացնում իրենից. - «Ստեփանակերտում երբ որ ինձ պառկեցրեցին էդ վիրահատական սեղանին, իմ աչքի առաջ մնացած էդ կտորն էլ կտրեցին... ես տեսել եմ էդ պահը, ոնց դրեցին սինու վրա, տարան»։

30-ամյա Վլադ Վարդանյանը 44-օրյա պատերազմին կամավոր էր մեկնել ու վերադարձել առանց ձեռքի։ Շուրջ մեկ տարի առաջ պրոթեզավորվել է Զինվորի տանը։ Հաշմանդամության երկրորդ կարգը մի քանի ամիս առաջ երրորդ է դարձել. տարակուսում է, վիրավորվում, զայրանում. - «Էսի էն շարժական պրոթեզներից ա, բիոնիկ որ ասում են, ասում են՝ դե լավ, ուրեմն երրորդ կարգ։ Ասում եմ՝ լավ, ինչի՞ց վերցրեցիք, որ ես էսի կարում եմ օգտագործեմ։ Որ վրես ա, ուրեմն ես էսի օգտագործո՞ւմ եմ։ Չէ, ես էսի դրեմ եմ, որ իմ հավասակշռությունս պահի։ Սրա տեղը հիմա քար կախած ըլի, որ հավասարակշռությունս պահի, որևէ փոփոխություն չի տալի իմ համար»։

Վլադը պնդում է, թե որքան էլ սա ժամանակակից ու թանկարժեք պրոթեզ լինի, միևնույն է ձեռքին չի փոխարինում, լիարժեք աշխատել չի կարող. - «Ես էս ձեռով օգնում եմ իրան, որ ինքը բարձրանա, այսինքն՝ դուս ա գալիս, որ էս ձեռը դրել են, որ էս ձեռին ավելի շատ խանգարի»։

Մինչև պատերազմը բարմեն էր։ Հիմա միակ գործը, որ կարող է անել, մի ձեռքով մեքենա վարելն է, տաքսի է քշում, առաքումներ անում. - «Ուրիշ ինչ-որ բան չեմ կարա անեմ, որովհետև համարյա բոլոր գործերի համար պետք ա երկրորդ օգնող ձեռը, որը որ չկա»։

Վլադը կին, մանկահասակ երեխա ունի։ Տուն չունեն, վարձով են ապրում։ Զինհաշմանդամների առաջին ու երկրորդ խմբերին ամենամսյա գումար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն է տալիս. Վլադը 150 հազար դրամ էր ստանում։ Ամսական հատուցումը դադարում է, եթե հաշմանդամության խումբն իջեցվում է երրորդի։ Հիմա դրա կեսն էլ չի ստանում։ Վստահ է, որ կարգն իջեցրել են հիմնադրամի գումարից իրեն զրկելու համար։

«Մեկ տարի և ավելի ընթացքում վերականգնողական միջոցառումների արդյունքում կոտրվածքները ապաքինվել են, սերտաճող կոտրվածքներ են դարձել։ Ֆունկցիոնալությունը բարելավվել է, կենսագործունեության սահմանափակումները նվազել են։ Արդյունքում ունեցել ենք վերականգնում», - ասում է Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննությունների վարչության պետ Ռիմա Եգանյանը։

Նրա խոսքով, 44 օրյա պատերազմին հաջորդած տարում շատերի հաշմանդամության կարգն է փոխվել, կամ հաշմանդամություն ընդհանրապես չի ճանաչվել, որովհետև նրանք վերականգնվել են, բուժում են անցել։ Վերափորձաքննության արդյունքում պատերազմի 288 մասնակից ընդհանրապես զրկվել է կարգից,127 հոգի երկրորդ խմբից երերոդ խումբ է անցել։

«Ջահել են, շուտ են լավանում», - լավատես է Եգանյանը։ Ձեռքը, ճիշտ է, չվերականգնվեց, բայց կա պրոթեզ. - «Բողոքի միակ ամենամեծ պատճառը մարդուն իր ունեցած արտոնությունից զրկելն ա, իր ունեցած սոցիալական երաշխիքից զրկելն է։ Չէ՞ որ հաշմարդամությունը մենակ թոշակ չի։ Բազմաթիվ արտոնություններ ու երաշխիքներ կան»։

Եգանյանը գիտի, որ դժվարության մեջ հայտնված մարդկանց համար հիմնադրամի հատուցումից, նաև հաշմանդամության կարգից բխող մի շարք արտոնություններից զրկվելն է բողոքի աղբյուրը, բայց վստահ է նաև, որ կառավարությունը պատերազմի մասնակիցների համար բավարար ծրագրեր ունի. - «Աշխատանքի տարիքում գտնվող էրեխեք են։ Հազար ու մի ծրագիր ունենք զինվորականների համար։ Հատկապես 44-օրյա պատերազմի մասնակիցների համար մեր նախարարությունը գոնե հարյուրավոր ծրագրեր է արել»։

Մարտական գործողությունների մասնակիցների համար նախատեսված ի՞նչ ծրագրերի է մասնակցել Վլադը. - «Ասեմ՝ ոչ մի»։

Այդ ծրագրերը հիմնականում կրթական են՝ աշխատանքի տեղավորման հեռանկարով։ Վլադն ասում է, թե որքան էլ ցանկանա, հիմա սովորել չի կարող, ընտանիք պետք է պահի. - «Հարց չկա։ Եթե ես ժամանակ տրամադրեմ հիմա գնամ ուսման, ես ո՞նց եմ ապրելու»։

Վլադի և պատերազմի մի շարք մասնակիցների հույսը հիմա դատարանն է. Զինվորի տան իրավաբան Լիլիթ Նալբանդյանն այժմ մի քանի հայցադիմումներ է ներկայացրել։

Նա վստահ է, որ փորձաքննություն իրականացնող մարմինը ճիշտ գնահատում չի իրականացրել ՝ ձեռքի պրոթեզը ձեռք չէ. - «Վերին վերջույթի պրոթեզը ինչքան էլ լինի ֆունկցիոնալ, ինչքան էլ այն գերժամանակակից լինի, նորագույն տեխնոլոգիաներով լինի և այլն, ինքը ձեռքի ֆունկցիոնալությունը չի կարող լիարժեք փոխարինել։ Նույնիսկ քառասուն տոկոսով չի կարող փոխարինել»։

Իրավաբան Նալբանդյանն ասում է, որ հայցերը պատրաստելուց առաջ Զինվորի տան բժշկական կազմի հետ քննարկում են, նրանք ամեն զինվորի պատմությունը, վերկաանգնողական ընթացքը լավ գիտեն։ Այս վերափորձաքննություններից հետո վերին, ստորին վերջույթների ամպուտացիաներով գրեթե բոլոր տղաների կարգերն իջեցվել են, և մարդիկ զրկվել են ոչ միայն հիմնադրամի հատուցումից, այլ արտոնություններից։

Երկու հենակով ու մշտական ցավով շարժվող պատերազմի մի մասնակցի էլ են երկրորդ կարգից զրկել։ Այս գործով էլ է զբաղվում. - «Մենք նախադեպ ունեցել ենք այդպիսի։ Հաշմանդամության խումբ շահառուին չէր տրամադրվել, և մենք մոտավորապես երեք տարի դատական պրոցեսով անցնելուց հետո կարողացանք ունենալ ցանկալի արդյունքը»։

Փորձաքննություն իրականացնող բժիշկները համառորեն առողջ էին համարում բեկորային վիրավորում ստացած, 3 մատներից զրկված, մեկ ականջի լսողությունը կորցրած տղային։ Նալբանդյանն ասում է՝ միայն դատարանով համոզեցինք, որ այս ամենը մեկ մարմնում է։

XS
SM
MD
LG