Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմում թևերից զրկված Վարազդատը հույս ունի՝ շուտով կկարողանա վարժ օգտագործել իր պրոթեզները


44-օրյա պատերազմում երկու թևից զրկված Վարազդատ Սանեյանը մինչև վերջնականապես կհարմարվի բազմաֆունկցիոնալ պրոթեզներին՝ նոր ձեռք բերված հմտություններն է առօրյայում կիրառում, օրինակ՝ ոտքով մեքենա է վարում, կարող է ծննդավայր Ծովագյուղից Երևան հասնել ու վերադառնալ:

Դեռ պատերազմից առաջ է ծանոթացել Սոնայի հետ, 44-օրյայից առանց թևերի վերադառնալուց հետո նշանվեցին, հիմա սիրելիին ինքնուրույն է հեռախոսային նամակներ ուղարկում. «Սկզբից քթովս էի գրում, հետո որ արդեն սովորա էս ձեռքով, սկսեցի գրել»:

Արկի հարվածից, միանգամից երկու թևից զրկված 27-ամյա Վարազդատը պատերազմից հետո, մի դժվար ուղի էլ է անցել. ամպուտացված վերին վերջույթների մկանների մարզում, վերքերի բուժում, շտկումներ և այլն։ Արտերկրի ու տեղի մասնագետների խորհրդատվություններից հետո, ընդունել է «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի» ու «Համահայկական հիմնադրամի» համատեղ ջանքերով իրեն հատկացրած՝ 180 հազար եվրո արժողությամբ զույգ բիոնիկ պրոթեզները։ Ասում է՝ գիտի, որ դրանից թանկն ու ավելի կատարյալը կա աշխարհում, բայց Արցախյան վերջին պատերազմում միանգամից երկու վերջույթ կորցրած տղաներից միայն իրենն է ամենահզորը։ Մասնագետներն ասել են՝ ինքը բացառություն է, որովհետև վնասվածքն է շատ խորն ու բարդ։

Սանեյանն ասում է՝ «ստացվում է շատ թանկ թևեր ունեմ, բայց դեռ չեմ կարողանում դրանք անարգել կրել ու ամբողջովին կառավարել», էլի վիրահատության կարիք կա։

«Ներկա պահին չեմ կրում, վիրահատություն պետք է տանեմ, ցավացնող բան կա ու աջ թևիս մեջ իմպլանտ կա: Հագնում եմ, հետո, որ մի բան եմ ուզում անեմ, ցավացնում է», - ներկայացրեց նա:

Ռազմադաշտից, արկերի տակ հիվանդանոց հասցրած Վարազդատին շտապ օգնության բժիշկները մոտակա հիվանդանոց են տարել, որտեղ գլխավոր հարցը նրա կյանքը փրկելն է եղել։

«Հատուկ հաշվարկներով թևերի ամպուտացիան անհնարին բան է պատերազմի ժամանակ»,- ասում է՝ Վարազդատի և ավելի քան 7000-ից ավելի զինծառայողների վերականգնողական ողջ փուլը հսկող՝ «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի» մասնագետ Լուսինե Պողոսյանը, որը շուրջ 6 ամիս ֆրանսիայում ընթացող նեղ մասնագիտական վերապատրաստումից նոր է վերադարձել:

«Ի տարբերություն մյուս տղաների, Վարազդատի դեպքը նրանով էր յուրօրինակ, որ երկուսն էլ շատ բարձր կտրվածքներ էին: Շատ դժվար է այդ պարագայում պրոթեզավորումից հետո վերականգնողական փուլը, պետք է լինի ավելի երկար, ավելի շարունակական: Լավագույն պրոթեզի ձեռքբերումից հետո ինչքան էլ, որ պետք է աշխատենք, ինչքան էլ պետք է ադապտացնենք, իհարկե, միևնույն է ինքը չի կարող փոխարինի իր սեփական ձեռքերը», - նշեց Պողոսյանը:

Վարազդատը պրոթեզները նախորդ տարվա դեկտեմբերին է ստացել, մասամբ սովորել էր մկանների միջոցով կառավարել մատները, արմունկը, թևն ամբողջությամբ։ Հույս ունի, որ այս վիրահատությունը վերջինը կլինի, դրանից հետո կրկին կվերադառնա վերականգնողական կենտրոն ու կշարունակի ավելի քան 6 ամիս մարզած մկանների միջոցով ազդակներ հաղորդել մատներին դաստակին ու արմունկին ու շարժել։

Տարիների ընթացքում ամպուտացված հատվածի չափսերը փոխվում են, իսկ պրոթեզինը՝ ոչ։ Գրեթե ամեն օր վերականգնողական կենտրոնում գտնվող տղաները հաճախ են իրենց պրոթեզները շտկումների տանում, պրոթեզավորող Արամ Մելիքյանն է պատմում:

«Ժամանակի ընթացքում նիհարում է և կարիք ունի պարբերաբար սպասարկման, որը կատարվում է կես տարին մեկ», - ներկայացրեց Մելիքյանը:

Վարազդատն ու հարազատ եղբայրը՝ Վարդանը միասին են մեկնել պատերազմ, սկզբում արկից պայթյունից ավագ եղբոր ոտքն է վիրավորվել, հետո նրան օգնության հասած Վարազդատն է ընկած հաջորդ արկի հարվածից միանգամից երկու թևից զրկվել։ Տղաների վիրավորումից հետո Սանեյանների 6 հոգանոց ընտանիքը միանվագ 10 մլն դրամ է ստացել, բարեկարգել են տան մի մասը, որ գոնե հյուրեր կարողանան ընդունել։ Պետությունից Վարազդատը նաև ամսական 250 հազար դրամ է ստանում, բազմանդամ ընտանիքը դրանով է ապրում։ Վիրավոր տղաների հայրն արտագնա աշխատանքի է մեկնել ՌԴ՝ գործերը լավ չեն, չի հասցնում գումար ուղարկել։

Արդեն 6 վիրահատություն տարած ավագ եղբայրը՝ Վարդանը նոր է հայր դարձել։ Աշխատել չի կարողանում, ոտքը դեռ լիովին չի վերականգնվել, խնդիրներ են առաջացել նաև աղիքների հետ։ «Պետությունը հաշմանդամության կարգ չտվեց եղբորս՝ անտեսելով նրա խնդիրները»,- ասում է Վարազդատը, իսկ եղբայրը՝ գերադասում է չխոսել, խուսափում էր տեսախցիկից։

«Ոտքը ամբողջը ասկոլկաներ են, մինչև հիմա մեջն են, աղիքների խնդիրն էլ, որ եղել է, իրեն ծանր աշխատանք չի կարելի, բժշկի խորհուրդն է», - ասաց Վարազդատ Սանեյանը:

Վարազդատին հիմա երկրի վիճակն է անհանգստացնում ու եղբոր խնդիրները։ Պատերազմից հետո նշանվեց, հենց հիվանդանոցում է Սոնան խոստացել՝ ինչ էլ լինի չեն բաժանվելու. «Ասել եմ, որ չմտածի ոչ մի բանի մասին, միշտ միասին ենք լինելու ու այդ օրվանից մինչև իր դուրս գրումը հիվանդանոցում եմ եղել»:

Արդեն երկու տարի է չի կարողանում սիրելիին Աշտարակից հարսանիքով իր տուն՝ Ծովագյուղ տանել՝ նոր զոհերի թվերն ու անունները թույլ չեն տալիս։ Հիմա ներողություն է խնդրում զոհվածների ծնողներից, որ դեռ մտածում է հարսանիքի մասին, հույս ունի, որ կներեն իրեն՝ եթե առաջիկայում հարսանիքով ամուսնանա. «Մենք ներողություն ենք խնդրում բոլոր այն ծնողներից, ովքեր կորցրել են իրենց զավակներին»:

Սոցապ նախարարության փոխանցմամբ՝ պատերազմից հետո ֆունկցիոնալ պրոթեզ է ստացել 125 անձ։ Զինվորի տուն վերականգնողական կենտրոնից վստահեցնում են՝ նրանց ճնշող մեծամասնությունն արդեն կարողանում են օգտագործել իրենց պրոթեզները։ Վարազդատը հույս ունի, որ ինքն էլ շուտով կկարողանա վարժ օգտագործել իր պրոթեզներն ու հարսանիքին թևերը վեր պարզել, որոնց ամեն մասնիկը զգում է, անգամ, օրինակ՝ բութ մատի ցավը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG