Սեպտեմբերի 14-ից սկսած Ադրբեջանը տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների համար, Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարը Բաքվի պահվածքը անմարդկային և անընդունելի է համարել։
Աստանայում, հոկտեմբերի 14-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել էր՝ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը։
«Իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող միջդիրքային գոտիներում», - ասել էր գործադիրի ղեկավարը՝ նշելով, որ պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։
«Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի», - ասել էր Փաշինյանը։
Փաշինյանի հայտարարությունից հինգ օր անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց՝ «Բաքուն մինչև այս պահը խոչընդոտում է որոնողական աշխատանքներին»։
Վերջին տվյալներով՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած է 29 մարդ։