Մատչելիության հղումներ

Սի Ծինպինը երրորդ անգամ ընտրվեց Չինաստանի ղեկավար


Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը կոմկուսի համագումարում, Պեկին, 21-ը հոկտեմբերի, 2022թ.
Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը կոմկուսի համագումարում, Պեկին, 21-ը հոկտեմբերի, 2022թ.

Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն այսօր դռնփակ նիստում նախագահ Սի Ծինպինին քվեարկությամբ երրորդ անգամ անընդմեջ ընտրել է գլխավոր քարտուղար:

Ենթադրվում է, որ նա կպահպանի պետության ղեկավարի և ռազմական կենտրոնական խորհրդի նախագահի պաշտոնները:

Կոմկուսի կենտրոնական կոմիտեի նիստում քվեարկությամբ ընտրվել է նաև քաղաքական բյուրոն, որի կազմում յոթ մշտական անդամներ են՝ Սի Ծինպինը, Լի Ցզյանը, Չժաո Լեցզին, Վան Հունինը, Լի Սին, Ցայ Ցին և Դին Սյուեսյանը:

2023 թվականի մարտին տեղի կունենա խորհրդարանի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինաստանյան համագումարը, որը պետական առանցքային պաշտոններում կհաստատի քաղբյուրոյի անդամներին:

Այսօրվա վերընտրությամբ Սի Ծինպինը դարձել է արդիական Չինաստանի պատմության ընթացքում ամենաերկարակյաց և հզոր ղեկավարը հանրապետության հիմնադիր Մաո Ցզե Դունից հետո:

Կոմունիստական կուսակցության համագումարը հաստատել է կանոնադրության երկու լրամշակումներ, որոնցից մեկով Սի Ծինպինը հռչակվել է «Կենտրոնական կոմիտեի և ամբողջ կոմկուսի առանցքը», մյուսն էլ պարտավորեցնում է բոլոր կուսակցականներին «պաշտպանել գլխավոր քարտուղարին»:

Արևմտյան վերլուծաբանների համոզմամբ՝ Չինաստանում սկսվել է Սի Ծինպինի անձի պաշտամունք: Հետայսու նա կարող է ցկյանս իշխել և կարգավիճակով հավասարվել է անցյալում երկիրը ղեկավարած Մաո Ցզե Դունին և Դեն Սյաո Պինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG