Մատչելիության հղումներ

Զախարովա. «Գագաթնաժողովի որոշումները վկայում են, որ ԵՄ-ն առճակատման է գնում»


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան հոկտեմբերի 22-ին հայտարարել է, թե Բրյուսելում գումարված Եվրամիության գագաթնաժողովի որոշումները հաստատում են, որ կառույցն ընտրել է առճակատման ճանապարհը:

«Եվրամիության խորհրդի նիստում ընդունված որոշումները ևս մեկ անգամ հաստատում են Եվրամիության առճակատման քաղաքականությունը», - նշվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված Զախարովայի հայտարարության տեքստում:

Խոսնակի պնդմամբ, Եվրամիությունը չի դրսևորում Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ կարգավորելու մտադրություն:

«Եվրոպական միությունը շարունակում է անխոհեմաբար մեծ ներդրումներ կատարել ռազմական գործողությունները երկարացնելու համար: Այդ նպատակով ԵՄ-ն որոշել է Ուկրաինային տրամադրել ևս 500 միլիոն եվրո, ֆինանսավորում է զենքի մատակարարումը և ստեղծում է Ուկրաինային ռազմական օգնության հարցով ԵՄ հատուկ առաքելություն», - ասվում է հայտարարությունում:

Խոսնակի փոխանցմամբ՝ ԵՄ-ն վարժելու և հանդերձանք է տալու ուկրաինացի զինյալներին, «ովքեր կշարունակեն սպանել խաղաղ բնակիչներին և ոչնչացնել քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը»:

«Պատրա՞ստ է Եվրամիությունը պատասխանատվություն ստանձնել այդ հանցանքների համար»,- հռետորական հարց է տալիս Զախարովան:

Նրա պնդմամբ, Եվրամիությունը չունի Ռուսաստանին քննադատելու բարոյական իրավունք, «քանի որ 8 տարի շարունակ անտեսել է Դոնբասի բնակիչների սպանությունները և տառապանքները»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ուկրաինայում հոկտեմբերի 2-ի դրությամբ սպանվել է 6 հազար 114 և վիրավորվել է 9 հազար 132 խաղաղ բնակիչ:

XS
SM
MD
LG