Մատչելիության հղումներ

ՀՀ պատգամավորը ՆԱՏՕ ԽՎ սեմինարի մասնակիցներին է ներկայացրել Ադրբեջանի վերջին ագրեսիայի հանգամանքները


Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Հելսինկիում մասնակցել է ՆԱՏՕ Խորհրդաարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին։

Ֆեյսբուքյան իր էջում Ալեսքսանյանը տեղեկացրել է, որ պետությունների խորհրդարանականների հետ շփումների ժամանակ ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները ու դրա միջազգային դատապարտման անհրաժեշտությունը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների հետևանքով, հայկական կողմն առնվազն 201 զոհ ունի, ադրբեջանական կողմը հաղորդել է իր 80 զոհի մասին։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին, սակայն, այն պարբերաբար խախտվում է։

Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական արժեքների պահպանման և ամրապնդման հաստատակամություն ունի, Հելսինկիում վստահեցրել է իշխող խմբակցության պատգամավորը։

Սեմինարի ընթացքում, ըստ պատգամավորի, քննարկվող հիմնական թեմաներն էին ռուս-ուկրաինական պատերազմը, Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերը։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հոկտեմբերի 3-ին բրյուսելյան աշխատանքային այցից հետո Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Թվիթերում մասնավորապես գրել էր՝ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

XS
SM
MD
LG