Լարված իրավիճակ է ստեղծվել Կորեական թերակղզում։ Հյուսիսային Կորեայի զինվորականները հրահանգել են ավելի շատ հրետանային կրակ բացել արևմտյան ու արևելյան առափնյա շրջանների ուղղությամբ։
Փհենյանը հայտարարել է, որ պատասխանում է Հարավային Կորեայի հրթիռային համակարգի համազարկային կրակին, պնդելով, թե 10 արկ ընկել է ճակատային գծի մոտ։
Սեուլը Փհենյանին կոչ է արել դադարեցնել տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող գործողությունները։ Տեղական ժամանակով կեսօրի սահմաններում Հյուսիսային Կորեայի հրետանային կրակը դադարել է։
Իրավիճակը սրվեց ու փոխադարձ հրետակոծություններ կատարվեցին այն բանից հետո, երբ երեքշաբթի գիշերը Հյուսիսային Կորեան իր արևմտյան առափնյա շրջանում 100 արկ արձակեց դեպի ծով, իսկ արևելյան ափին՝ ևս 150 արկ։
Անցած երկուշաբթի մեկնարկել է Հարավային Կորեայի ամենամյա զորավարժությունները, որի նպատակն է բարձրացնել զորքերի պատրաստվածությունը Հյուսիսային Կորենայի միջուկային կամ հրթիռային սպառնալիքներին արձագանքելու համար։
Չնայած Սեուլը հայտարարել է, որ այդ զորավարժությունները անցկացվում են կանոնավոր և պաշտպանական բնույթ են կրում՝ Փհենյանը կատաղի է արձագանքել Հարավային Կորեայի զորվարժություններին։
Այսօր առավոտյան Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինվորականները ինժեներական համատեղ գործողություններ կատարել, մասնավորապես գետի վրա լողացող կամուրջ կառուցել տանկերի և այլ զրահատեխնիկայի անցումների համար։