Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում երկուշաբթի երեկոյան ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Այն ընկել է բնակելի շենքի անմիջական հարևանությամբ, մեծ հրդեհ է բռնկվել։ Օդաչուներին հաջողվել է փրկվել:
Վերջին տվյալներով՝ առնվազն 13 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել։ Զոհերի թվում երեխաներ կան։ Տան բնակիչները տարհանվել են, նրանց տրամադրվել է ժամանակավոր կացարան։
Կրասնոդարի երկրամասի փոխնահանգապետ Աննա Մինկովան, հղում անելով բժիշկներին, հայտնել է, որ երեք մարդ մահացել է՝ ցած նետվելով բարձր հարկերից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Սու-34-ը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկման պատճառով։
Եյսկ քաղաքն Ուկրաինայից բաժանում է Ազովի ծովը, Մարիուպոլից, օրինակ, այն 70 կիլոմետր հեռավորության վրա է։
Տեղի բնակիչները սոցիալական ցանցերում նշում են, որ ինքնաթիռի կործանումից և հրդեհը բռնկվելուց հետո պայթյունների ձայներ են լսվել։ Ենթադրաբար պայթել է ինքնաթիռի զինամթերքը։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ չհստակեցնելով, թե որ հոդվածով։ Գործը վարում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը։ Դատախազությունն էլ հետաքննություն է սկսել ինքնաթիռի կործանման փաստով։
Օդանավի կործանումից մեկ ժամ անց նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է տուժածներին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն։
Բազմահարկ շենքի մոտ 360 բնակիչ տարհանվել է մոտակա հյուրանոց և մանկական ճամբար։ Կրասնոդարի երկրամասի իշխանությունները խոստացել են բոլորի համար նոր բնակարաններ գնել, եթե բնակելի շենքը չվերականգնվի։ Բացի այդ, զոհվածների ընտանիքներին կվճարվի միլիոն ռուբլի, տուժածներին՝ 400 հազար։