Կրասնոդարի մարզի Եյսկ քաղաքում տեղի է ունեցել արտակարգ պատահար՝ Սու-34 ռազմական օդանավն ուսումնական թռիչքի ընթացքում աղետի է ենթարկվել և ընկել է բնակելի թաղամասում՝ շենքերից մեկի բակը, որտեղ հրդեհ է բռնկվել:
Տեղում աշխատում են փրկարարների և հրշեջների խմբեր: Օդաչուները կարողացել են դուրս նետվել այրվող ինքնաթիռից և փրկվել:
Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, ևս 19 մարդ վնասվածք է ստացել:
Ըստ օդաչուների զեկույցի, վթարի պատճառ է դարձել անմիջապես օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի շարժիչներից մեկում բռնկված հրդեհը:
Սու-34 ինքնաթիռն ընկել ու պայթել է Կոմունիստիչեսկայա փողոցի 20/1 հասցեում գտնվող շենքի բակում, ինչից հետո բռնկվել է խոշոր հրդեհ, որի տարածքը կազմում է մոտ 2 հազար քառակուսի մետր:
Հաղորդվում է, որ հրդեհվել են շենքի ինը հարկերը: Ավերվել են 17 բնակարաններ:
Տեղացի բնակիչները նաև պայթյուններ են լսել և ենթադրում են, որ գուցե պայթել է վթարված օդանավի զինամթերքը: ՌԴ պաշտպանության նախարարությունը միայն օդանավի վառելիքի պայթյունի մասին է հաղորդում:
Պայթյունների պատճառով շտապ օգնության մեքենաները երկար ժամանակ չեն կարողացել մոտենալ վթարի վայրին: