Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի զորավարժությունները հետաձգվել են


ՀԱՊԿ ուժերը մասնակցում են Տաջիկստանում կազմակերպված զորավարժություններին, արխիվ
ՀԱՊԿ ուժերը մասնակցում են Տաջիկստանում կազմակերպված զորավարժություններին, արխիվ

Ղրղըզստանի տարածքում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են և տեղի կունենան ավելի ուշ, հայտնել է Ղրղըզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը:

«Մենք ավելի ուշ կանցկացնենք վարժանքը, մենք պատրաստ էինք 99.9 տոկոսով: Հետաձգման կապակցությամբ սոցցանցերում գրում են, թե մենք, իբր, մերժում ենք ՀԱՊԿ-ը: Նման բան չկա, ՀԱՊԿ-ը մեզ շատ է պետք: Այն համապատասխանում է մեր ազգային շահերին և պաշտպանում է ահաբեկչության սպառնալիքից: Սոցցանցերում ոմանք փորձում են առճակատում առաջացնել մեր և ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Չի ստացվի, ոչ մի տարաձայնություն չունենք»,- հայտարարել է Իմանկուլովը:

«Անխախտ եղբայրություն-2022» կոդային անվամբ զորավարժությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 10-ից 14-ը Ղրղըզստանի Իսիկ Կուլի մարզում գտնվող «Էդելվեյսի» ռազմական հրաձգարանի տարածքում, սակայն մեկնարկից օրեր առաջ հետաձգվել են Բիշքեկի որոշմամբ: Իմանկուլովի փոխանցմամբ, ՀԱՊԿ-ի անդամներն ըմբռնումով են ընդունել որոշումը:

Փոխվարչապետ Էդիլ Բայսալովը պարզաբանել է, որ հետաձգումը կապված է վերջերս Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած ընդհարումների հետ:

«Մենք կազմակերպության կամ դրա կանոնադրության և առաքելության հետ խնդիր չունենք, պարզապես, դեռ թարմ են վերքերը»,- նշել է Բայսալովը:

Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին սեպտեմբերի կեսին տեղի ունեցած բախումների հետևանքով ղրղըզական կողմից զոհվել է 62 մարդ, ևս 200-ը վնասվածքներ են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG