Մատչելիության հղումներ

Դաշնային խորհուրդը վավերացրեց Դոնեցկն և Լուգանսկը, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի կազմ մտնելու մասին համաձայնագրերը


Ուկրաինայի նախագահն իր հերթին ստորագրել է Անվտանգության խորհրդում նախօրեին ընդունված որոշումը, որն այսուհետ արգելում է ցանկացած բանակցություն Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը այսօր վավերացրել է այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները Ռուսաստանի կազմ մտնելու մասին համաձայնագրերը։

Ուկրաինական տարածքների բռնակցմանն աջակցել են դահլիճում ներկա բոլոր սենատորները՝ 170-ից 153-ը։ Երեկ էլ Պետդուման էր հաստատել համաձայնագրերը։

Ուկրաինայի նախագահն իր հերթին ստորագրել է Անվտանգության խորհրդում նախօրեին ընդունված որոշումը, որն այսուհետ արգելում է ցանկացած բանակցություն Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Արձագանքելով այդ փաստաթղթին՝ Կրեմլի խոսնակն այսօր ասել է՝ կսպասենք, որ Ուկրաինայի ներկայիս նախագահը փոխի իր դիրքորոշումը։ Կամ էլ կսպասենք Ուկրաինայի նոր նախագահին»։

Մինչ այդ ուկրաինական բանակը շարունակում է առաջխաղացումը՝ ազատագրելով նոր բնակավայրեր, ընդ որում՝ և' արևելքում ՝ Դոնեցկի և Լուգանկի մարզերում, և' հարավում ՝ Խերսոնի մարզում։

Երեկ երեկոյան Ուկրաինայի նախագահը կրկին խոսել է բանակի հաջողությունների մասին՝ առանց հստակ տեղանուններ նշելու. - «Այսօր մեր բանակի և մեր բոլոր պաշտպանների առաջխաղացումը շարունակվեց: Մի քանի շրջաններում կան նոր ազատագրված բնակավայրեր: Դաժան մարտերը ռազմաճակատի շատ հատվածներում շարունակվում են: Բայց արդեն ակնհայտ է, որ ավելի ու ավելի շատ օկուպանտներ են փորձում փախչել, ավելի ու ավելի շատ զոհեր է կրում թշնամու բանակը, և աճում է ընկալումը, որ Ռուսաստանը պատերազմ սկսելով Ուկրաինայի դեմ մեծ սխալ է թույլ տվել»:

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը հաստատում է․ ուկրաինական բանակը ընդլայնում է վերահսկողության գոտին հյուսիս-արևելքում՝ Կրեմեննայա և Սվատով ուղղություններով, և Խերսոնի շրջանում։ Թեև շաբաթներ առաջ Ռուսաստանի նախագահը մասնակի մոբիլիզացիա է հայտարարել, սակայն մարտի դաշտում ռուսների օգտին կտրուկ փոփոխություններ դեռ չեն նկատվում։ Սա այն դեպքում, որ կանխատեսված երեք հարյուր հազար զինվորներից երկու հարյուրն արդեն զորակոչվել են։ Այդ մասին այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարն է հայտարարել։

Փորձագետները սակայն ասում են, որ մասնակի մոբիլիզացիան դժվար թե փոխի իրավիճակը ճակատում։

Ուկրաինայի Ռազմաիրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Մուսիենկոն պնդում , որ ռուսական բանակի ձախոխումները խորքային պատճառներ ունեն և հայտարարված մոբիլիզացիան իրավիճակ չի փոխի. - «Կան մի շարք կետեր։ Նախ, մենք տեսնում ենք, որ զորքերի պատրաստման և վերահսկման համակարգը, գործողությունների պլանավորումն ու անցկացումը ավելի լավ մակարդակի վրա են ուկրաինական բանակում, քան ռուսականում։ Երկրորդ, ռուսական զորքերը գտնվում են այնպիսի վիճակում, որ չեն կարող հավասարապես պահել մոտ հազար կիլոմետրանոց ճակատային գիծը։ Ռազմավարությունը, որն ընտրել են Ուկրաինայի զինված ուժերը ՝ մաշեցնել թշնամուն, կրակի հարվածներ հասցնել պահեստներին, հրամանատարական կետերին արդյունավետ էր և հանգեցրեց նրան, որ ռուսները սկսեցին կորցնել գերակայությունը»։

Ռազմական փորձագետները միաժամանակ ասում են՝ ինչքան շատ լինեն ձախողումները ճակատում, այնքան կմեծանա միջուկային հարվածի հավանականությունը։ Արևոմւտքում այսօր ավելի շատ խոսում են միջուկային սպառնալիքի, այլ ոչ թե միջուկային զենք կիռարելու Ռուսաստանի վճրականության մասին։

The Times-ը այսօր գրել է, որ ՆԱՏՕ-ն անդամ երկրներին նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային փորձարկումներ անցկացնել Ուկրաինայի հետ սահմանին և դրանով «ցույց տալ զանգվածային ոչնչացման զենք կիրառելու պատրաստակամություն»։

ՆԱՏՕ-ն կարծում է, որ փորձարկումներ կարող են տեղի ունենալ Սև ծովում։ «Դա ավելի հավանական է, քան Ուկրաինայում մարտավարական միջուկային զենքի կիրառումը», - գրում է թերթը:

XS
SM
MD
LG