Մատչելիության հղումներ

Նախկին սպա Գևորգ Կարապետյանի համար 44-օրյա պատերազմի ամենադաժան պահը Շուշիի անկման՝ եղբոր մահվան օրն էր


Արցախի դեմ հարձակման առաջին րոպեներից սկսած 1 ամիս 44-օրյա պատերազմի ամենաթեժ կետերում կռվելուց հետո Գևորգ Կարապետյանը մոտ 20 օր անցկացրել է հիվանդանոցներում, ապա դուրս գրվել՝ սայլակով։ Վերականգնողական բուժում, մեծ ջանքեր ու ժամանակ պահանջվեց մինչև սովորեց ամեն ինչ ինքնուրույուն անել սայլակին նստած։

«Վիրավորվել եմ հակառակորդի ավիառումբի հարվածից, ստացել եմ ողնաշարաողնուղեղային վնասվածք, տեղափոխվել եմ Ստեփանակերտ, առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոն», - ներկայացրեց Կարապետյանը՝ շարունակելով, - «Մի ֆունկցիա, որը կարողանում էի կատարել պատերազմից առաջ, հիմա չեմ կարողանում՝ քայլելը: Մնացած ամեն ինչը նույնն է իմ մոտ, փորձում եմ կյանքն ապրել լիարժեք, որովհետև ամեն դեպքում կայքը շարունակվում է, ու մենք պետք է առաջ նայենք, որպեսզի մեր չափով փորձենք ինչ-որ բան անել երկրի համար, ու դրա համար ես առաջ եմ շարժվում»:

Պատերազմի ամենադաժան պահը Գևորգի համար, սակայն, ծանր վնասվածք ստանալու օրը չէր, այլ նոյեմբերի 8-ը. «Գտնվում էի հիվանդանոցում, իմ եղբայրն այդ ժամանակ արդեն տարբեր դիրքերում էր գտնվում, վերջինը եղել է նոյեմբերի 7-ին, զանգեց ասաց, որ Շուշիում վիրավորվել է, նոյեմբերի 8-ին արդեն զոհվել էր, որովհետև հնարավորություն չկար առաջին բուժօգնություն ցուցաբերելու, Շուշին արդեն մերը չէր»:

Գևորգն Արցախի պաշտպանության բանակի սպա էր, եղբայրը՝ Արամը ժամկետային զինծառայող։ Շուշիից Արամին ողջ այդպես էլ չի հաջողվել դուրս բերել։

«Շատ ենք փորձել ինչ-որ բան անել, անհնար էր, շտապօգնության մեքենա են ճանապարհին տրաքացրել, ուզել են տանկերով մտնել և այլն, չի ստացվել, բայց ինչ-որ տեղ մեղքի զգացում կա: Բայց քաջ գիտակցում եմ, որ ֆիզիկապես անհնար էր ինչ-որ բան անել: Ավելի հեշտ կլիներ ու շատ հեշտ կլիներ, եթե եղբայրս կողքիս լիներ, իսկ եթե ինքը չկա, մնացած ամեն ինչը արդեն ավելի է դժվարանում», - ասաց Կարապետյանը:

Դժվարություններ հաղթահարելով՝ 27-ամյա Գևորգն այսօր և՛ աշխատում է, և՛ սպորտով զբաղվում, և՛ հոգ տանում իր 4-ամյա որդու՝ Մաքսի մասին։ Պատերազմի վերքերը չեն բուժվել, բայց կորուստների այդ էջը փորձել է փակել։

«Նոյեմբերի 7-ին եղբայրս զանգեց ինձ, առաջին բառը, որ ասել է, չի ասել, որ վիրավորվել է, ասել է՝ «Գև, խոսք տուր, որ ինչ ուզում է լինի, դուխով ես լինելու», ինքը էդ է ասել ու ես իրան խոսք եմ տվել, որ ինչ ուզում է լինի..., դրանից վատ իմ համար ոչ մի բան չէր կարա լիներ ու փորձում եմ էդ դուխով-ը պահեմ, իմ խոսքը պահեմ: Ու շատ բաներ եմ սովորել, շատ մասնագիտություններ եմ ձեռք բերել, հիմա էլ դեռ սովորում եմ, փորձում եմ մաքսիմալը անել, մաքսիմալ ինտեգրվեմ», - նշեց նա:

Նախկին սպան, որ ինքն իրեն բնութագրում է որպես՝ մինչև սայլակը մի րոպե անգամ հանգիստ չնստած երիտասարդ, այսօր մարտադաշտի մի քանի ընկերների հետ փոքրիկ բիզնես է հիմնել բարերարների, նաև «Զինվորի տան» աջակցությամբ, վաճառում են ձեռքով պատրաստված գեղեցիկ հուշանվերներ, հասույթն ուղղում պատերազմի մասնակիցներին առողջությանն ու կարիքներին։ Ասում է՝ կինն ու ծնողները հպարտանում են իրենով. «Մեծ բան է, իրենք արդեն սայլակը չեն էլ նկատում, ես իրենց կողքին եմ, իրենց այդքանը բավարարում է: Իսկ հպարտանալու առումով միշտ էլ առիթը տվել եմ: Մի քիչ գովեմ ինձ էլի»:

Գևորգը, որ 4 տարում մասնակցել է 2 պատերազմի, չի մոռացել մասնագիտությունը, ուշադիր հետևում է բանակի շուրջ բոլոր զարգացումներին. «2 տարի է անցել ու մենք ընդհանրապես դասեր չենք քաղել 44-օրյա պատերազմից, ավտոմատի դար չի, որ ավտոմատով կռիվ անեն, հիմա բնական է՝ անօդաչու թռչող սարքերի պատերազմ է և այլն: Կուզեի տեսնել, որ պաշտպանվում ենք, կուզեի տեսնել, որ ունենք ամուր բանակ»:

Ասում է՝ համբերատար կսպասի մինչև կատարվի իր երազանքը, մինչև այդ առայժմ անկատար կմնա իր 4-ամյա որդու՝ Մաքսի ցանկությունը. «Եղել է, որ ասի՝ «որ քայլես, գնալու ենք էս անենք»:

XS
SM
MD
LG