Մատչելիության հղումներ

Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերին 30-ին


Նախընտրական հանրահավաք, Լուլայի և Բոլսոնարոյի նկարներով պաստառներ, Բրազիլիա
Նախընտրական հանրահավաք, Լուլայի և Բոլսոնարոյի նկարներով պաստառներ, Բրազիլիա

Բրազիլիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Երեկ տեղի ունեցած առաջին փուլի արդյունքներով, նախկին նախագահ, ձախակողմյան թեկնածու Լուիս Իգնսիո Լուլա Դա Սիլվան ստացել է քվեների 48.4 տոկոսն, իսկ գործող նախագահ Ժաիր Բոլսոնարոն՝ 43.3 տոկոսը:

Բոլսոնարոյի գրանցած արդյունքը ձախակողմյան թեկնածուի աջակիցների մեծ մասի համար տհաճ անակնկալ էր, քանի որ նրանք ենթադրում էին, որ Լուլան կհաղթի հենց առաջին փուլով: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 30-ին:

Գործող նախագահ Բոլսոնարոն ընտրողներին ասել է, թե իշխանության փոփոխությունը բացասական ազդեցություն կգործի:

«Շատերն ասում են, թե հիմա տնտեսական ճգնաժամ է, բայց մենք միջոցներ ենք ձեռնարկում և ապացուցում ենք, որ տնտեսությունն արդեն կազդուրվում է և առաջիկայում զարգացում կլինի: Ընտրողը կարող է ամեն ինչ փոխել՝ կա՛մ դեպի լավ, կա՛մ դեպի վատ»,- ասել է Բոլսոնարոն:

Լուլան առաջին փուլից հետո ասել է, թե հիմա ստիպված կլինի ևս 30 օր շարունակել նախընտրական պայքարը:

«Ես սիրում եմ ընտրարշավը, սիրում եմ դուրս գալ փողոցներ և զրուցել մարդկանց հետ: Ես երբեք չեմ հաղթել առաջին փուլով: Հիմա կլինի երկրորդը, և դա ինձ կտա ասելիքս ժողովրդին ավելի մանրամասն հասցնելու հնարավորություն»,- ասել է թեկնածուն:

Լուլան նախագահել է 2003-2010 թվականներին, ապա մեղադրվել է կաշառք ստանալու համար և ազատազրկման է դատապարտվել: Գերագույն դատարանը հետագայում չեղարկել է դատավճիռը, և նա ստացել է այս ընտրություններին մասնակցելու իրավունք:

Գործող նախագահ Բոլսոնարոն կորոնավիրուսի համավարակի շրջանում հայտարարել է, թե «սա ընդամենն աննշան հարբուխ է»: Նա հեգնանքով է խոսել պատվաստումների գաղափարի մասին, մինչդեռ, Բրազիլիայում COVID-19 մոտ 700 հազար մարդ է մահացել:

Բոլսոնարոն համարվում է մեծահարուստների և պահպանողականների թեկնածու, նա հակակրանք է դրսևորում սեռական փոքրամասնությունների նկատմամբ և դատապարտում է արհեստական վիժումները՝ աբորտները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG