Բանակի հետ առնչվող իրավապաշտպաններն ու մի շարք այլ քաղաքացիներ տարակուսած են վարչապետի երեկվա հայտարարությունից, թե զինված ուժերը քլունգի, բահի ու հագուստի կարիք չունեն։ Վարչապետը չի տիրապետում բանակի իրական վիճակին, կարծում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
«Ես տենց ուղղություն չգիտեմ, որտեղ բահերի, քլունգների, շինարարական ձեռնոցների քանակը լինի այնքան, որքան ռեալ անհրաժեշտ է, որպեսզի զորքն արագ կահավորի դիրքերը, առավել ևս նոր դիրքերը, որոնք 0-ից կահավորվում են ադրբեջանցիների առաջխաղացման արդյունքում: Այն, որ պահեստներում ինչ-որ բան կա, կենցաղային ապրանքների մասին է խոսքը, դա դեռ չի նշանակում, որ զինվորը, զորքերը բավարար քանակի ունեն», - նշեց Իոաննիսյանը:
Փաշինյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում անդրադառնալով դիրքերում անհրաժեշտ իրերի ու տեխնիկայի պակասի մասին ահազանգերին՝ պնդեց՝ այդպիսի խնդիր չկա. «Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն եմ հրավիրել, որը չի լուսաբանվել, դրա նպատակը եղել է մեկը, որովհետև ես գիտեմ, որ Հայաստանի բանակում ոչ քլունգի, ոչ բահի, ոչ շորի, ոչ կոշիկի, ոչ էլ նույնիսկ տրակտորի պրոբլեմ պետք է չլինի: Գնացել եմ՝ ասել եմ՝ խնդրում եմ ինձ ասեք՝ ի՞նչն է պրոբլեմը, կա՞ էդ պրոբլեմը, թե՞ չկա, և արձանագրել ենք, որ այդ պրոբլեմը չկա: Ես ասել եմ ու էլի ասում եմ, որ էդ պրոբլեմը չկա»:
Սեպտեմբերի 13-ից մեկնարկած սահմանային բախումներից հետո առաջնագծում գտնվող ծառայողները, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ ահազանգում են՝ 44-օրյա պատերազմից երկու տարի անց ոչ միայն դիրքերը անհրաժեշտ կերպով կահավորված չեն, այլ նաև ամենապարզ իրերի անհրաժեշտություն կա։
Չցանկանալով ներկայանալ՝ զինծառայողներից մեկն, օրինակ, «Ազատությանն» ասել էր, որ նման խնդիրների լուծումը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել. «Եթե խրամատները լինում են բետոնապատ ու ճիշտ կառուցված իրենց դզոտերով, ապա անօդաչուների դերը զրոյանում է, այլևս իր առաջ բաց երկնքի տակ փոսում նստած պատանի չի, որ կարողանա միանգամից ոչնչացնել, հասարակ բետոնն այս դեպքում այդ խնդիրը լուծում է»:
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են բանակի կարիքների համար հայտարարվող հանգանակությունները՝ անիվներից մինչև բահ ու քլունգ հավաքելով, քաղաքացիները կոչ են անում օգնել դիրքապահ զինվորներին։ Այս նախաձեռնությունները, սակայն, վրդովվեցրել է վարչապետին՝ նա երեկ հորդորեց արգելել դրանք։
«Ես ասել եմ, որ պետք է արգելել ուղղակի: Ես միշտ դեմ եմ եղել և շարունակում եմ դեմ լինել բանակը նվիրատվության օբյեկտ դարձնելուն, որովհետև դա բանակի համար ամենամեծ վարկաբեկիչ բանն է», - ընդգծեց Փաշինյանը:
Ըստ էության արձագանքելով վարչապետի կոչին՝ Պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարեց՝ բանակի կարիքների համար արվող նախաձեռնություններն անթույլատրելի են և յուրաքանչյուր այսպիսի դեպքով դիմելու են իրավապահներին՝ հնարավոր չարաշահումները բացահայտելու համար։
Ավելի քան մեկ տարի դիրքերի կահավորման անհրաժեշտության մասին բարձրաձայնող Սուրեն Ստեփանյանը նախորդ տարի առաջնագծից լուսանկարներ էր հրապարակել, որոնք քննադատության մեծ ալիք բարձրացրին։ Ստեփանյանի տեղեկություններով՝ այսքան ժամանակ անց անհրաժեշտ աշխատանքները չեն արվել:
«Շատ տեղերում չի արվել ու դա բաց աղբյուրներում երևում է, այսինքն՝ եթե նայեք ադրբեջանական ալիքները, մոնիտորինգի ենթարկեք, կտեսնեք մեր դիրքերի վիճակը», - ընդգծեց նա:
Ստեփանյանը շեշտում է՝ սովորական պրակտիկա է, որ պատերազմական իրավիճակներում քաղաքացիները ցանկանում են օգնություններ ուղարկել զինծառայողներին. «Իմ կարծիքով՝ պետք է նախարարությունը ստեղծի ինչ-որ մարմին կամ պատասխանատու անձինք, ովքեր բոլոր այն մարդկանց հետ, ովքեր հավաքում են, ուղարկում են բանակ, շահագրգիռ են լավ գործ անելու, համագործակցությամբ լինի ու ստեղծվեն երաշխիքներ, որ այդ ռեսուրսները ճանապարհին չեն մնա՝ նախարարության պահեստներում, ինչ-որ տարբեր զորամասերի պահեստներում, տարբեր մարդկանց տներում»:
44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին հարյուրավոր կիլոմետրեր ձգվող նոր շփման գիծ ձևավորվեց։ Այս ամբողջ ընթացքում պարբերաբար էին ահազանգերը, թե նոր դիրքերը անհրաժեշտ պաշտպանական կահավորումներ չունեն, այնինչ, ադրբեջանական կողմում ուղիղ հակառակ պատկերն է։ Իշխանությունները թեև ընդունում են՝ դեռ շատ գործ կա անելու, բայց և շեշտում են՝ նոր բնագծերում ահռելի աշխատանք է կատարվել։