ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, թե վետոյի ենթարկելով ուկրաինական չորս շրջանների անեքսիան դատապարտող Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը՝ Ռուսաստանն էլ ավելի է մեկուսացել:
«Միայն Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան է ձեռքը բարձրացրել նախագծի դեմ, դա մեր բոլորիս հավատարմությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը չեղարկելու, իրականության հետ հաշվի չնստելու հուսահատ փորձ է: Պուտինի բանագնացն ընդամենը կատարում է Մոսկվայում տիկնիկային թատրոնի շոուներ սարքած իր տիրոջ հրահանգը, նա փորձում է հերքել այն, որ ագրեսիվ և արկածախնդիր ռեժիմով ղեկավարվող Ռուսաստանը սլանում է դեպի պարտություն»,- ասել է Ուկրաինայի դեսպանը:
Ուշագրավ է, որ Ռուսաստանի ավանդական դաշնակից Չինաստանը ձեռնպահ է մնացել, բայց դեսպանը հստակ ներկայացրել է Պեկինի դիրքորոշումը:
«Բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք երաշխավորվի, ՄԱԿ-ի Կանոնադրության բոլոր դրույթները պետք է պահպանվեն: Անվտանգության հարցերում բոլոր կողմերի օրինական մտահոգությունները է պետք է հաշվի առնվեն: 7 ամիս տևող այս հակամարտության ազդեցությունը և դրա ընդարձակումը չափազանց մտահոգիչ են»,- ասել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:
«Ապօրինի հանրաքվեները և ուժով ուկրաինական տարածքների բռնակցումը միանշանակ հակասում են ՄԱԿ-ի Կանոնադրությանը և միջազգային իրավունքին: Բայց դրանցով Ուկրաինայի կարգավիճակը կամ պետական սահմանները չեն փոխվի, սա Միացյալ Նահանգների ամուր համոզմունքն է: Սա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ամուր համոզմունքն է, սա նաև Անվտանգության խորհրդի անդամների համոզմունքն է, իհարկե, բացառությամբ Ռուսաստանի»,- ասել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:
Նրա խոսքով, Պուտինը Կարմիր հրապարակում խնջույք է կազմակերպել այդ անեքսիան տոնելու համար, սակայն աշխարհը դա չի ընդունի:
Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը մտադիր են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել և լրացուցիչ օգնություն տրամադրել ռուսների կողմից ագրեսիայի ենթարկված Ուկրաինային: