Մատչելիության հղումներ

Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ


Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավար Ալեքսանդր Կոնյուկը հրավիրվել է Հայաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները Բելառուսի արտգործնախարարի հայտարարության կապակցությամբ: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ պատասխանելով News.am-ի հարցին, փոխանցում է Արտգործնախարարության պաշտոնական կայքէջը:

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյն օրերս հայտարարել է, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի նման այցերը նպաստում են հակամարտությունների սրմանը: «Նման այցերը կապված չեն լինի այս կամ այն հակամարտությունների հանդարտեցման հետ, այլ ընդհակառակը՝ կապված կլինեն սրման հետ: Դժվար թե նպատակահարմար լինի հույսը դնել դրսի հորեղբայրներ-մորաքույրների վրա», - ասել է Մակեյը:

Նենսի Փելոսին Երևան այցելեց սեպտեմբերի 17-19-ը, այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակն արձանագրեց, որ «Հայաստանը դիմակայում է Ադրբեջանի անօրինական և մահաբեր հարձակմանը»:

XS
SM
MD
LG