Հայաստանում Ռուսաստանի դեսպանն այսօր եղել է Գորիսում և Ջերմուկում։ Դեսպանատունը հայտնում է, որ Սերգեյ Կոպիրկինին ուղեկցել են դեսպանատան զինվորական կցորդը, ինչպես նաև հայ-ռուսական համատեղ զորամիավորման հրամանատարը։
Ռուս դիվանագետը հանդիպել է տեղում հայկական զորամիավորումների հրամանատարների հետ, ծանոթացել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին, սեպտեմբերի 13-14-ի կրակոցների ժամանակ սահմանամերձ համայնքների կրած վնասներին։
Դեսպան Կոպիրկինը նաև ռուսական 102-րդ բազայի Գորիսում տեղակայված զորամիավորում է այցելել, իսկ Սիսիանում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ավիացիոն խմբին։
Երեկ էլ Սյունիք էր այցելել Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին և հանդիպել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Դեսպանը, հիշատակելով, որ լրանում է 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը, իր հարգանքն է փոխանցել զոհերի հիշատակին ու ցավակցությունը նրանց ընտանիքներին՝ փաստելով, որ, ցավոք, երիտասարդ տղաների կյանքեր խլեց նաև վերջին օրերի պատերազմը։
Ըստ հաղորդագրության՝ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Սյունիք ներխուժման մանրամասները, նշելով․ «Մեզ համար շատ կարեւոր է, որ այս ծանր ժամանակահատվածում մեր կողքին եք։ Տեղյակ ենք, տիկի՛ն դեսպան, թե՛ Ձեր, թե՛ ԱՄՆ դիրքորոշման մասին այս ամենի վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք։ Բայց վերջին երկօրյա պատերազմը, որ տեղի ունեցավ ՀՀ սուվերեն տարածքում, ցույց տվեց, որ թշնամին ոտնահարում է ոչ միայն մեկ այլ պետության ու մարդու հիմնարար բոլոր իրավունքները, այլեւ հումանիտար տարրերը ու նույնիսկ շտապօգնության մեքենաներն էր թիրախավորում։ Մարդիկ այստեղ չեն ուզում լքել իրենց բնակավայրերը, ինչը մեծացնում է խաղաղ բնակչության հանդեպ ռազմական գործողությունների ռիսկը։ Այս ամենը պետք է խիստ գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից, ուստի եւս մեկ անգամ բոլորից խնդրում ենք ուշադրություն թշնամու վերջին գործողությունների նկատմամբ եւ հստակ ճնշումներ՝ դրանց կրկնությունը կանխելու համար»։
Դեսպան Թրեյսին ասել է, որ այս հակամարտությունը գտնվում է Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում․ «Ու մենք ամենաբարձր մակարդակներում, նաեւ դիվանագիտական խողովակներով, անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը, ապահովելու բանակցությունների շարունակականությունը եւ ունենալու խնդրի այնպիսի կարգավորման հեռանկար, որը երկարաժամկետ ու կայուն խաղաղություն կբերի»։