Մատչելիության հղումներ

«Քննարկում ենք ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես գալու հարցը». միջադեպ Իոաննիսյանի և ՔՊ-ական պատգամավորի միջև


«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը Սիսիանի 34/06 տեղամասում առավոտվանից ակնհայտ արհամարհական պահվածք է ցուցաբերում Ընտրական օրենսդրության նկատմամբ» , - ընտրությունները դիտարկող «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումն է։ Այսօր «Ազատության» հետ զրույցում Իոաննիսյանը մանրամասներ պատմեց իր ու իշխանական պատգամավորի միջև երեկ տեղի ունեցած միջադեպից։

«Օրինակ՝ ինքը չգիտեր, որ հեռավորությունը, որը չի կարելի կուտակումներ ստեղծել կամ մշտապես գտնվել, տեղամասային կենտրոնից է հաշվարկվում և ոչ թե քվեարկության սենյակից», - ներկայացրեց Դանիել Իոաննիսյանը:

Կարեն Համբարձումյանը 2021-ին է պատգամավոր ընտրվել՝ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակով։ Այսօր ողջ օրվա ընթացքում «Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել ծնունդով սիսանցի պատգամավորի հետ՝ հեռախոսն անհասանելի էր։ Դիտորդի ու պատգամավորի միջադեպը տեղի էր ունեցել լրագրողների ներկայությամբ:

«Ոչ միայն խախտում էր այդ կարգավորումը, այլ նաև պարբերաբար վստահված անձինք, ընտրողներին ուղեկցող ինչ-որ անձինք, գալիս էին, մոտենում էին իրեն, խոսակցությունները մեր դիտորդները շատ չեն լսել, բայց տպավորություն էր, որ ինչ-որ բան էին հայտնում, պատասխան՝ ինչ-որ հրահանգավորում էին ստանում և գնում, շարունակում էին այդ նույն գործողությունը: Այսինքն մի քիչ ավելի ժողովրդի լեզվով ասած՝ տասովշիկների համակարգման տպավորություն էր ստեղծվում», - նշեց Դանիել Իոաննիսյանը:

Քանի որ սիսանցի իշխանական պատգամավորի հետ կապ հաստատելն անհնար էր, մեկնաբանություն խնդրեցինք՝ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից, ասաց՝ կմեկնաբանի մանրամասներին ծանոթանալուց հետո միայն։ Աշխատանքային օրն ավարտվեց ու այդպես էլ չստացանք այդ մեկնաբանությունը։

Նախնական տվյալներով Սիսիանում հենց ՔՊ-ն էլ հաղթել է։

Ընտրությունները դիտարկած խմբի ներկայացուցիչ Իոաննիսյանն ասում է՝ իրավապահներին չեն դիմել, որովհետև պատգամավորի գործողություններում առերևույթ հանցակազմ չկար, բայց քայլեր ձեռնարկելու են:

«Քանի որ Ազգային ժողովի պատգամավորի հետ կապված բավականին ոչ ստանդարտ իրավիճակ է եղել, երբ որ ինքը լինելով հանրային անձ, ակնհայտ արհամարհական պահվածք էր ցուցաբերում օրենքի նկատմամբ, թեև առերևույթ հանցակազմ իր գործողություններում չկար, մենք քննարկում ենք Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես գալու հարցը», - ասաց Իոաննիսյանը:

Կիրակի Հայաստանի 18 համայնքում անցկացված տեղական ընտրությունները «Անկախ դիտորդը» 49 շրջիկ խմբերով է դիտարկել՝ շուրջ 100 դիտորդներով։ Ընտրակաշառքի, կամ ընտրողներին բացահայտ ուղղորդելու դեպքեր տեղում չեն արձանագրել, բայց վարչական ռեսուրսի վերաբերյալ ահազանգեր են ստացել դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Իոաննիսյանն ասում է՝ եթե օրինակ՝ սիսիանցի այս պատգամավորն այսպիսի վարք չդրսևորեր հենց Սիսիանից այդօրինակ ահազանգերն այդքան արժանահավատ չէին թվա իրենց. «Որևիցե ապացույց դրա հետ կապված մենք չկարողացանք հավաքել, բայց այն ահազանգերը, որոնք մենք ստանում էինք, հենց դրանց մեջ նշվում էր ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի անունը: Իր այն պահվածքը, որը մենք տեսանք քվեարկության օրը, գալիս էր ավելի ծանրակշիռ դարձնելու այդ ահազանգերը»:

Ոստիկանությունը երեկվա ընտրությունների ընթացքում ընդամենը 4 ահազանգ է ստացել՝ բոլորն էլ կրկնակի քվեարկության փորձի մասին։ Գլխավոր դատախազությունը առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 12 հաղորդում է ստացել, մեկը՝ ենթադրաբար ընտրակաշառք տալուն և ստանալուն է վերաբերել։ Իսկ ահա Քննչական կոմիտեն օրվա ավարտին հայտարարեց՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով կալանավորվել են Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը։ Այստեղ ընտրություններում իշխող կուսակցությանը բանտից հաղթել է չարաշահումների համար արդեն մեկ տարի կալանավորված համայնքի գործող ղեկավարը։

XS
SM
MD
LG