Մեդիափորձագետ Արթուր Պապյանն ընդգծում է՝ այս օրերին կառավարության մեղքով ինֆորմացիոն վակուում է առաջացել, որը լցվում է ոչ հավաստի տեղեկություններով՝ ասելով. «Երբ մարդը չի կարողանում սահմանին գտնվող որդու, ամուսնու, կամ հարազատի վերաբերյալ տեղեկություն ստանալ՝ ստիպված օգտվում է կասկածելի այլընտրանքային աղբյուրներից»:
«Մարդիկ սկսել ենք ավելի վստահել ինչ-ինչ յութուբյան օգտատերերի, տիկտոկյան ինչ-որ օգտատերերի, որոնք հաճախ կասկածելի աղբյուրներ ունեն, խոսում են ինչ-որ մարդկանց հետո, իբր, Հայաստանից՝ չանվանելով, թե ովքեր են, ինչ-որ հրատապ տեղեկություններ են բացահայտում և դա նույնիսկ հանգեցնում է Երևանի կենտրոնում ինչ-որ զարգացումների», - նշեց Պապյանը:
Արդեն մի քանի օր է՝ համացանցում հանդիպում ենք գրառումների, երբ զինծառայողների ծնողներն են իրենց որդիների լուսանկարները տարածում ու խնդրում են տեղեկություն ունեցողներին իրենց դիմել, կամ ադրբեջանական տելեգրամյան ալիքներից են տեսանյութեր տարածում ու նշում՝ գերիների կադրերում իրենց հարազատներին են ճանաչել։ Մեդիափորձագետն ընդգծում է՝ եթե գոնե՛ զինկոմիսարիատներում, կամ համայնքապետարաններում մարդիկ այս հարցերի պատասխանները ստանային, դռնեդուռ չէին ընկնի։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ այսօր ԱԺ-ում ասաց՝ համացացում հեռարձակվող ու իրենց դիտումներով լրատվամիջոցներին չզիջող տարբեր սոցցանցային ալիքներ պետք է իրավական դաշտ բերվեն, թե չէ, ըստ նրա, ստացվում է, որ նրանց ամեն ինչ կարելի է: Բայց ինչպե՞ս պետք է իրավական դաշտ բերվեն, մանրամասներ չասաց:
«TVlike, նույնիսկ այդպիսի դեֆինիցիա կա անգլերենում, որոնք ամբողջ աշխարհում սկսում են կարգավորվել, մեր մոտ մենք համարում ենք համացանցը «սուրբ կով», որին ամեն ինչ կարելի է, որը բերում է հատկապես ճգնաժամային իրավիճակներում անցանկալի հետևանքների», - ասաց Հակոբյանը:
Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ երեկվանից թեժ գծի հեռախոսահամար են տարածել, ծնողները կարող են զանգահարել ու վիրավորների վերաբերյալ տեղեկություն ստանալ։ Ասացին՝ գուցե այդ աշխատանքները դանդաղ են թվում, բայց 44-օրյա պատերազմից դասեր են քաղել, ցուցակները պետք է ճշգրիտ լինեն։ Զոհերի ցուցակները նույնպես ճշգրտման փուլում են։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանը այս քայլն էլ է վտանգավոր համարում, ասում է՝ բաց հեռախոսակապերով այսպիսի տեղեկություններ չպետք է փոխանցվեն:
«Ես դեմ եմ, որպեսզի դա արվի սովորական հեռախոսակապով, որովհետև դա խնդրահարույց է, և ծնողները, օրինակ, զինվորականների հետ շփվելիս հաճախ աշխատում են խուսափել տեղանուններ նշելուց, սակայն կարելի էր ստեղծել ինչ-որ համակարգ՝ խմբային միջոցներով մարդկանց տեղեկատվություն հասցնելու և գոնե կանխելու տագնապը», - նշեց Արթուր Պապյանը:
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն, ըստ մեդիափորձագետի, արդեն հայ օգտատերերին հասցեական են դիմում, որովհետև տելեգրամից ստացած վիճակագրությունը թույլ է տալիս նրանց հասկանալ, թե որքան հայաստանցի է հետևում իրենց։ «Սա շատ վտանգավոր է»,- մտահոգված է մեդիափորձագետը։ Նա այս տարի գարնանը սահմանամերձ համայնքներում մասնակցելով փորձագիտական հարցումների և քննարկումների, եզրահանգել է՝ հատկապես 44-օրյայի պատերազմից հետո մարդիկ չեն վստահում ոչ պաշտոնական աղբյուրներին, ոչ էլ ավանդական ԶԼՄ-ներին։ Ասել են՝ այս երկու աղբյուրները հեղինակազրկվել են:
Ըստ Պապյանի՝ այդ խնդիրը սրվել է նաև հիմա։ Ի դեպ՝ օրերս վարդենիսցի մի տղամարդ 2 օր շարունակ առաջնագծում գտնվող որդուց լուր չունենալու պատճառով ինքնասպան էր եղել։ Տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել է Վարդենիսի քաղաքապետը:
Տեղեկատվության պակասը նման ողբերգությունների է հանգեցնում, եզրափակում է փորձագետը։