Մատչելիության հղումներ

Երևանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց


Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններով պայմանավորված՝ Երևանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց:

Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ներառված վայրերն են՝ Տավուշի մարզի Մ4 մայրուղի՝ Իջևանից հյուսիս և դեպի արևելք բոլոր տարածքները, Գեղարքունիքի մարզի Սևանա լճից արևելք, հարավ և M10 ավտոճանապարհից արևելք, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորից արևելք, Սյունիքի մարզ և Լեռնային Ղարաբաղ:

ԱՄՆ դեսպանատունը նման նախազգուշացում նաև սեպտեմբերի 13-ին է տարածել, սակայն այդ հաղորդագրությունում այսօրվա «Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորից արևելքի» փոխարեն նշված էր ողջ Վայոց ձորի մարզը։

ԱՄՆ դեսպանատնից «Ազատությանը» պարզաբանեցին, որ այսօր հրապարակել են վերանայված նախազգուշացում. - «Այստեղ թարմացվել են այն վայրերը, որտեղ դեսպանությունն արգելում է անձնակազմին և ընտանիքի անդամներին այցելել ոչ էական ուղևորությունների նպատակով: Այս նախազգուշացմամբ փոքր-ինչ մեղմացված են սահմանափակումները, մասնավորապես՝ ուղևորությունները դեպի Եղեգնաձոր»:

Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Սեպտեմբերի 14-ի երեկոյից հաստատված հրադադարը, փաստացի, արդեն երեք օր է խախտվում է։ Սեպտեմբերի 21-ին ադրբեջանական զինուժը կրակել էր Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել էր, հայկական կողմն ուներ մեկ վիրավոր։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն էլ երեկ հայկական կողմին մեղադրեց, թե անցած գիշեր խոշոր տրամաչափի զենքից Քելբաջարի ադրբեջանական զորամիավորումների ուղղությամբ կրակ են բացել։ Նաև հաղորդվեց, թե հայկական դիվերսիոն մի խումբ հարձակման փորձ է արել, ականապատելով կիրճը։ Ըստ ադրբեջանցիների, հետ են քաշվել պատասխան գործողությունների արդյունքում։ Հայաստանի ՊՆ-ը այս հայտարարությունները ապատեղեկատվություն է որակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG