Մոսկվայում երեկ հայտարարված զորահավաքի դեմ ցույցից որոշ ձերբակալվածների ոստիկանության բաժիններում զինկոմիսարիատների ծանուցագրեր են հանձնվել։ Այս մասին կալանավորները պատմել են OVD-Info իրավապաշտպան կազմակերպությանը։
«Յաբլոկո» կուսակցության անդամ Կիրիլ Գոնչարովը ծանուցագիր է հրապարակել, որը ձերբակալվածին են հանձնել Մոժայսկի շրջանի ոստիկանական բաժանմունքում։
Իրավապաշտպանները հայտնում են, որ ձերբակալվածներից առնվազն մեկին սպառնացել են քրեական գործ հարուցել՝ ծանուցագիրը ստորագրելուց հրաժարվելու պատճառով։
Վորոնեժում ոստիկանության բաժանմունքում հակապատերազմական ցույցերի մի քանի ձերբակալված մասնակիցներին ծանուցումներ են տրվել սեպտեմբերի 23-ին զինկոմիսարիատ ներկայանալու համար:
Երեկ ավելի քան 1400 մարդ է բերման ենթարկվել նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի ժամանակ, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի 38 քաղաքներում։
Ձերբակալվածների մեծ մասը Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում են՝ այս քաղաքներում ոստիկանները հատկապես կոշտ են գործել։
Ձերբակալվածների թվում կան տուժածներ: