Մատչելիության հղումներ

Սամարղանդում մեկնարկել է Համագործակցության շանհայան կազմակերպության գագաթնաժողովը


«Համագործակցության շանհայան կազմակերպության» այսօր Սամարղանդում մեկնարկած գագաթնաժողովին նախատեսված էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները, պնդում են ադրբեջանական աղբյուրները։

«Թուրան» գործակալության պնդմամբ՝ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպման նախաձեռնողը Շանհայան կազմակերպության հիմնադիրն ու առաջատարը համարվող Չինաստանն էր։ «Պաշտոնական Պեկինի այս նախաձեռնությունը, սակայն, վերջին պահին տապալվել է Հայաստանի վարչապետի՝ Սամարղանդ չմեկնելու որոշումից հետո։ Չինաստանի ներկայացուցիչները ափսոսանք են հայտել հանդիպման տապալման առթիվ։ Պեկինը շահագրգռված էր, որ Համագործակցության շանհայան կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ալիևի և Փաշինյանի հանդիպումը կայանար»,- չինական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով՝ գրում է «Թուրան» գործակալությունը։

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հետ չպահեցին Սամարղանդ մեկնելու գաղափարից։ Ուզբեկստան ժամանելուց մի քանի ժամ անց Ալիևը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ։ Պաշտոնական «Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ՝ բանակցությունների սկզբում Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել Ալիևին՝ Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցի զինվորականների մահվան առթիվ։

Ալիևն ու Էրդողանը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը՝ ընդգծելով. «Անկարայի և Բաքվի ռազմավարական հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, և երկու երկրները մշտապես միմյանց կողքին են»։

Վաղն արդեն թե Ալիևը և թե Էրդողանը Սամարղանդում բանակցություններ կանցկացնեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ Ալիևի հետ Ռուսաստանի նախագահը քննարկելու է հայ-ադրբեջանական սահմանին ծավալված վերջին իրադարձությունները, իսկ Էրդողանի հետ քննարկման առանցքային թեման, ըստ Կրեմլի, լինելու է Ուկրաինայից գյուղմթերքի դուրսբերման շուրջ՝ ՄԱԿ-ի և Անկարայի միջնորդությամբ ձեռք բերված գործարքի իրականացման ընթացքը։

Ռուսաստանի նախագահի այսօրվա օրակարգը ևս հագեցած էր։ Ընդամենը մի քանի ժամում Ռուսաստանի ղեկավարը հանդիպեց Թուրքմենստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Մոնղոլիայի, Չինաստանի և Իրանի ղեկավարների հետ։

«Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, որոնց հիմքը դրվել է նախորդ տարիների ընթացքում։ Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի Իրանը Համագործակցության շանհայան կազմակերպության լիիրավ անդամ դառնա։ Ավարտական փուլին են մոտենում Ռուսաստանի և Իրանի միջև մեծ պայմանագրի վրա տարվող աշխատանքները, որով կազդարարվի մեր հարաբերությունների անցումը ռազմավարական գործընկերության մակարդակին», - դիմելով իր իրանցի պաշտոնակցին՝ հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։

Իրանի նախագահն, իր հերթին, հատուկ ընգդծում էր՝ Թեհրանը երբեք չի միանա Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։

«Ամերիկացիներին թվում է, որ պատժամիջոցներ սահմանելով կարելի է կանգնեցնել այս կամ այն երկրի ընթացքը։ Ըստ իս, դա միանգամայն սխալ մոտեցում է։ Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների ենթարկված պետությունները կարող են զարգացնել երկկողմ հարաբերությունները՝ հաղթահարելով ծագած խնդիրները և էլ ավելի ուժեղանալով», - հայտարարում էր Իրանի նախագահը։

Օրվա երկրորդ կեսին մեկնարկեց Սամարղանդի գագաթնաժողովի ամենաառանցքային երկկողմ հանդիպումներից մեկը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ձինպինի միջև։ Իր բացման խոսքում Ռուսաստանի ղեկավարը միանշանակ աջակցություն հայտնեց Պեկինին Թայվանի խնդրում։

«Մենք մեր կողմից միանշանակորեն աջակցություն ենք հայտնում «Մեկ Չինաստան» սկզբունքին՝ դատապարտելով Միացյալ Նահանգների և դրա արբանյակների սադրանքները Թայվանի նեղուցում», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը՝ Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները «արտաքին քաղաքական տանդեմ» անվանելով։

Սամարղանդի գագաթնաժողովը կշարունակվի նաև վաղը։ Ընդհանուր առմամբ, Համագործակցության շանհայան կազմակերպության այս համաժողովին 15 պետությունների ղեկավարներ են մասնակցում։ Ուզբեկստանի իշխանությունները շուրջ կես միլիոն բնակիչ ունեցող այս քաղաքում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել։ Քաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները դադարեցրել են աշխատանքը, շարքային քաղաքացիների ելումուտը Սամարղանդից առաջիկա օրերին արգելված կլինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG