Մատչելիության հղումներ

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը


Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն է ներկայացրել արտգործնախարար Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում:

Արտգործնախարարության լրատվականի փոխանցմամբ՝ Միրզոյանը խոստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերը։

Երկուստեք շեշտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման անհրաժեշտությունը և ուժի կիրառման անթույլատրելիությունը։

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105, ադրբեջանական կողմը՝ 71 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Երեկ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:

XS
SM
MD
LG