Աննա Վարդապետյանն այսօր ստանձնեց գլխավոր դատախազի պաշտոնը։
Նա Ազգային ժողովի ամբիոնից երդվեց «անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով։ Հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»։
Վարդապետյանը երեկ ազատվեց վարչապետի օգնականի պաշտոնից: Հունիսի 29-ին միայն իշխանական պատգամավորների ձայներով 36-ամյա Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ՝ 6 տարի ժամկետով։ Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրացավ այսօր՝ սեպտեմբերի 15-ին։
Վարդապետյանը 2019-ին 7 ամիս զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020-ի մարտից էլ վարչապետի օգնականն էր։
Այսօրվա նիստին Դավթյանը ներկա չէր, փոխարենը հայաստանցիներին ուղղված հրաժեշտի խոսքով է հանդես եկել, մասնավորապես շեշտելով, որ պաշտոնը թողնում է սահմանադրական ժամկետի ավարտի բերում։
Նա նշել է, որ այս կարգավիճակին յուրաքանչյուր օր վերաբերվել է իբրև պատասխանատվության ահռելի բեռով պատվաբեր առաքելության։
Շնորհակալություն հայտնելով դատախազության բոլոր աշխատակիցներին, իրավապահ և այլ կառույցների «նվիրյալ գործընկերներին՝ գաղափարակից ու զինակից լինելու, համատեղ ծառայության համար»՝ նոր գլխավոր դատախազին մաղթել է «արդյունավետ գործունեություն իրավական պետության կերտման ճանապարհին՝ հանուն մեր հայրենիքի լուսավոր վաղվա օրվա»։
Դավթյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2016-ի սեպտեմբերից, մինչ այդ նա Երևան քաղաքի դատախազն էր, ապա գլխավոր դատախազի տեղակալը։