Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին մարտերի մասին տեղեկությունները ծայրաստիճան մտահոգիչ են, հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է լիարժեք և կայուն հրադադար»։
«Խաղաղությունն ու կայունությունը այլընտրանք չունեն, դրանք ապահովելու համար դիվանագիտությունը ևս այլընտրանք չունի»,- Թվիթերում գրել է Եվրամիության խորհրդի նախագահը՝ տեղեկացնելով, որ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ։
Միշելը նաև նշել է, որ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելի խնդրանքով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կմեկնի Բաքու և Երևան՝ աշխատելու հետագա լարվածությունը կանխելու ուղղությամբ։
Շառլ Միշելն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսադեմին հեռախոսազրույց են ունեցել։ Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի, և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար: