Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում, հայտարարում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։
Արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով, հայտնում է նախարարությունն՝ ակնկալելով, որ «սանձազերծված ագրեսիան կդատապարտվի և կստանա համարժեք գնահատական»:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։
Հայկական կողմը հայտարարել է առնվազն 49 զոհի, վիրավորների մասին։ Հայաստանի ռազմական գերատեսչությունն այսօր հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչ հետևանքում վիրավորներ կան քաղաքացիկան անձանց շրջանում։