Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն առաջիկայում նիստ կանցկացնի և կորոշի՝ նպատակահարմար համարում է քննարկել Հայաստանում մահապատիժը վերականգնելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկը: «Ազատության» հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, որ քննադատել էր այս առաջարկը, ասաց, որ ինքն էլ` որպես խորհրդի անդամ, մասնակցելու է քննարկմանը: Այնուամենայնիվ, նա շեշտեց. «Անգամ մասնագիտական քննարկումների համար մեր պետությունն այդ էջը վաղուց է փակել»:
Զրույցից հատված` ստորև.
«Ազատություն». - Դուք քննադատել եք պետական դավաճանության համար մահապատժի վերականգնման առաջարկը, բայց սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, այնուամենայնիվ, այդ առաջարկը հենց առաջիկա նիստին քննարկելու է: Տիկի՛ն Գրիգորյան, Դուք նաև այդ խորհդի անդամ եք, մասնակցելո՞ւ եք այդ նիստին:
Քրիստիննե Քրիգորյան. - Իրականում, այո, խորհրդի անդամ եմ, խորհուրդը կոլեգիալ մարմին է և կարող է քննարկել և քննարկման վայր է, բայց ես իմ դիրքորոշմանն եմ մնացել, և այդ դիրքորոշումը հայտնել եմ ոչ թե որպես սահմանադրական խորհրդի անդամ, այլ հայտնել եմ որպես Մարդու իրավունքների պաշտպան: Որևէ ձևով չեմ խուսափելու որևէ քննարկումից մասնակցելու, բայց ինձ համար նույնպես քննարկումն ինքնին, այդ հարցի շոշափումը համարում եմ անտեղին մեր երկրի, պետականության, մարդու իրավունքների արժեհամակարգի համար:
Իրականում գիտեք, նախ շատ պրիմիտիվացնել այս խոսակցությունները` ոչ մի իրավապահ արձագանք չի հերիքում, եկեք, միգուցե նայենք մահապատժի վերականգնման հարցերին, շատ մասնագիտական քննարկման հարց է, բայց անգամ մասնագիտական քննարկումների համար մեր պետությունն այդ էջը վաղուց է փակել, դեռևս 95 թվականից է փակել, Եվրոպայի խորհրդի անդամակցությամբ է փակել և հետևողականորեն մեր արտաքին քաղաքականության ուղղությունների, մարդու իրավունքների երաշխավորման, ի վերջո մեր Սահմանադրությամբ, երկու սահմանադրություններ նախորդող` և գործողը, և 2005-ինն ուղղակիորեն տոտալ արգելք են սահմանել մահապատժի համար, և սա ուղղակի ինչ-որ հաճելի մի բան անելու մղում չի եղել, սա եղել է զարգացման ճանապարհ:
Մենք մեր պետականության ամբողջ 31 տարվա ընթացքում գնացել ենք այս ճանապարհով ու հասել ենք ինչ-որ մի իրավիճակի, հիմա դրա համար եմ համարում, որ նման անգամ քննարկումները կամ այդ խոսակցություններն են անտեղի:
«Ազատություն». - Ինչու եմ ասում` գնալու եք այդ նիստին, թե ոչ, որովհետև դատախազը, երբ Ձեզ հակադարձում էր, ասում էր, որ հապճեպ, մակերեսային գնահատական եք տվել առանց իր առաջարկի խորքերը գնալու, առանց այդ քննարկումների, պատճառներն ու հիմնավորումները լսելու, և որ նման մոտեցումը հարիր չէր պետական ինստիտուտների միջև հարաբերությունների հաղորդակցության:
Քրիստիննե Քրիգորյան. - Հարգանքով ի գիտություն եմ ընդունել դատախազության արձագանքը, բայց հարցը հետևյալն է` պետք է տարբերակենք երկու բան` եթե մենք խոսում ենք պետական դավաճանության կամ անվտանգության դեմ ուղղված, կամ պատերազմական բնույթի հանցագործությունների էֆեկտիվ քննության կամ դրանց բացահայտելիության պրոբլեմների մասին, սա մեկ այլ թեմա է, և հենց սա է պետք քննարկել, այլ բան է, որ մենք միանգամից ասում ենք, որ ամեն ինչ այն պատճառով է, որ չունենք օրինակ` մահապատիժ, եթե ավելի խիստ պատիժ ունենայինք, միգուցե կունենայինք ավելի էֆեկտիվ կանխարգելում: