Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկում է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել:
Նա դիմել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին` առաջարկեով սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորութուն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը, հայտնում են դատախազությունից:
Հայաստանում մահապատժի դատապարտելու և պատիժը փաստացի կիրառելու առաջնային արգելքը նախատեսված է Սահմանադրության 24-րդ հոդվածով, որի 3-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Սահմանադրական նշված նորմն ունի իմպերատիվ բնույթ, այսինքն` այս արգելքը կարող է հաղթահարվել միայն Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով:
Միաժամանակ, ՀՀ սահմանադրության 76-րդ հոդվածով սահմանվում է, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու իրավունքների բնագավառում պարտավորություններից հնարավոր է շեղվել ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Մարդու իրավունքների պաշտպանը` նաև որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, հանդես է եկել հայտարարությամբ` նման առաջարկի քննարկումն անգամ տեղին չհամարելով:
«Քանի որ այն մեծապես ստվերում է կյանքի իրավունքի և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական ու ժողովրդավարական արժեքները», - հայտարարել է ՄԻ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։