Մատչելիության հղումներ

2023-ի վերջը այն մոտ ժամանակահատվածն է, երբ տրանսպորտի հարցը 70-80 տոկոսով լուծված կլինի. Երևանի քաղաքապետ


«Ես կարծում եմ` 2023 թվականի վերջը այն մոտ ժամանակահատվածն է, երբ մենք տրանսպորտի հարցը 70-80 տոկոսով լուծված կունենանք», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը` նշելով նաև, որ մայրաքաղաքի առաջնահերթ խնդիրն այս պահի դրությամբ հենց տրանսպորտի խնդիրն է:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Տրանսպորտի խնդիրը` առաջնահերթ

Այն առաջնահերթ խնդիրը, որ Երևանում ունենք, տրանսպորտի խնդիրն է, ասում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Տարբեր տարիների «Գազելներ» դուրս եկան, ավտոբուսներ ենք ձեռք բերել 211 հատ, որոնք անցած դեկտեմբերից սկսեցինք շահագործել, տեխնիկական խնդիր ունենք, որ գործող ավտոբուսներ ունեինք, որոնք անսարքության խնդիր ունեին, մի քանի անգամ մրցույթ էինք հայտարարել պահեստամասերի ձեռք բերման հետ կապված, որը չի կայացել: Այս պահի դրությամբ որոշ քանակի ավտոբուսներ կան, որոնք տեխնիկապես չենք կարողանում շահագործել», - նշեց նա` հավելելով, որ երկու ամսվա ընթացքում այդ հարցը որպես այդպիսին լուծված կլինի:

«Սեպտեմբերին կարծում եմ` արդեն պատշաճ կկարողանանք տրանսպորտի հոգսը թեթևացնել», - շեշտեց քաղաքապետը:

Նրա խոսքով` բացի այդ, հուլիսին կկայանա ևս 150 ավտոբուս ձեռք բերելու մրցույթ, և հնարավորություն կլինի մինչև տարեվերջ ունենալու ևս այդքան ավտոբուս. «Ես կարծում եմ` 23 թվականի վերջը այն մոտ ժամանակահատվածն է, երբ մենք տրանսպորտի հարցը 70-80 տոկոսով լուծված կունենանք»:

Սարի թաղում հավանաբար տարեվերջին կսկսեն սպասարկել փոքր չափի ավտոբուսները

Սարի թաղում տրանսպորտի հետ կապված բավականին երկար ժամանակ խնդիր կա, օգտատերերից մեկի հարցին ի պատասխան` նշեց Սարգսյանը:

Նա ասաց, որ մասնավոր կազմակերպության կողմից է շահագործվում դա, ապա հավելեց, որ փոքր դասի ավտոբուսներ ունեն, որ ձեռք ենք բերել, երբ ավտոբուսների համալրում են իրականացրել: Քաղաքապետը հավելեց, որ երբ արդեն մյուս ավտոբուսները շահագործման հանձնվեն պահեստամասերի խնդիրները լուծելուց հետո, հնարավորություն կունենան այդ փոքր ավտոբուսները ևս օգտագործել, որպեսզի «Սարի թաղում այդ «Պազիկների» խնդիրը լուծվի»: Նրա խոսքով` դա հավանաբար կլինի տարեվերջին:

Խոսելով վարորդների աշխատավարձերից՝ Երևանի քաղաքապետը նշեց՝ աշխատավարձերն արդեն բարձրացրել են, որ վարորդները 100 դրամի հետևից չընկնեն։

«Միգուցե դրանք այդպիսի բարձր աշխատավարձեր չեն, բայց այնուամենայնիվ առաջին քայլն իրականացրել ենք և աշխատավարձի բարձրացում ենք արել՝ այն տրամաբանությամբ, որ վարորդը100 դրամի հետևից չընկնի։ Արդեն տասնքանի վարորդ աշխատանքից ազատվել է՝100 դրամները գրպանելու պատճառով, միևնույն ժամանակ մենք համապատասխան հայց ենք ներկայացրել, որպեսզի այդ գումարների վերադարձն իրականացնենք», - ասաց Հրաչյա Սարգսյանը։

Արշակունյաց-Իսակով կամրջի նախագիծը պատրաստ է

Արշակունյաց-Իսակով կամրջի նախագիծը պատրաստ է, մի փոքր վերանայման կարիք ունի, տեղեկացրեց Հրաչյա Սարգսյանը: Միաժամանակ նա ասաց, որ արդեն կառավարության կողմից համաձայնությունը կա, որ այդ ճանապարհը պետք է կառուցվի: «Ֆինանսական միջոցների հատկացումը որպես այդպիսին կարելի է ասել` 95 տոկոսով լուծված է»,- հայտնեց նա:

Մինչև 2023 թվականի մարտին, նրա ներկայացմամբ, կսկսվեն շինարարական աշխատանքները:

«Ամեն ինչ կանեմ, որ հանդիպեմ Ֆիզգորոդոկի բնակիչների հետ»

«Ընդհանուր առմամբ, ես համարում եմ, որ այդտեղ խնդիր չկա», - ասաց բանախոսը` անդրադառնալով Ֆիզգորոդոկի խնդրին, հավելելով, որ չի ստացվել մինչ այժմ, իրենից կախված հանգամանքներով, հանդիպել բնակիչների հետ. «Ամեն ինչ կանեմ, որ հանդիպեմ բնակիչների հետ»:

«Հուշարձանի հետ կապված մենք չէ, որ լիազորությունները տալիս ենք, որ հուշարձան է, թե չէ, ամեն մեկն իր պատասխանատվության մասն ունի, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ, որ մեր մոտեցումները պետք է մի քիչ փոփոխենք: Այո, այս պահի դրությամբ {շինարարական խախտում} չկա, այո, թե ինչքան է այդ օրենքը մեզ համար ընդունելի, թե չէ, դա այլ հարցի քննարկման առարկա է, բայց ես կարծում եմ, որ նորմալ է այդտեղ շինարարությունը: Օրենքի որպես այդպիսի խնդիր չեմ տեսնում», - ասաց նա:

Ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

XS
SM
MD
LG