Դասարանների բեռնաթափման համար ավելի շատ դասասենյակներ են պետք և ավելի մեծ թվով ուսուցիչներ, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Ամեն դեպքում, ըստ նրա, դպրոցների մեծ մասն ունի հակառակ խնդիրները` փոքրաքանակ աշակերտական համակազմի:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ֆեյսբուքյան ասուլիսից.
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանից օգտատերերը հետաքրքրվել էին, թե ե՞րբ են բեռնաթափվելու դասարանները:
«Այս հարցը հիմնականում բարձրացնում են ծնողները, այն ծնողները, որոնց երեխաները սովորում են մեծ դպրոցներում, սա կարևոր հարց է, իհարկե: Մեր 1400 դպրոցներից շուրջ 800-ը իրենց բնակավայրի միակ դպրոցներն են, և այստեղ մեր դպրոցների մի զգալի մասն ունի մինչև 300 աշակերտ, և նման խնդիր այս դպրոցները չունեն, ունեն հակառակ խնդիրները` փոքրաքանակ աշակերտական համակազմի խնդիրները», - ասաց նա:
Ըստ փոխնախարարի` այս խնդրի լուծման համար ավելի շատ դասասենյակներ են պետք և ավելի մեծ թվով ուսուցիչներ:
«Դա է պատճառը, որ մենք դասարանների կազմավորման կարգի փոփոխությունը շրջանառել ենք, ներկայացրել ենք», - ասաց նա: Ըստ փոփոխության` տարրական և միջին դասարաններում առավելագույնը 25 երեխա պետք է լինի, ավագ դասարաններում՝ մինչև 20 երեխա:
«Բայց նաև տվել ենք ժամանակ բոլորիս, որ մինչև 2025 թվականը կարողանանք լուծել տարածքի և ուսուցչական համակազմի համալրման հետ կապված խնդիրները», - նշեց նա:
Ինչ փոփոխություններ են գործարկվում
Փոխնախարարը ներկայացրեց մի քանի փոփոխություններ, որոնց դպրոցներն արդեն այս տարվանից հնարավորություն ունեն անցնելու:
«Բոլորս այս տարի ամենամեծ փոփոխությանն ենք նախապատրաստվելու, որ հաջորդ ուսումնական տարում է լինելու` հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրումը մեր բոլոր դպրոցներում, և դրանք մեծածավալ փոփոխություններ են` գնահատման կարգի, առարկայացանկի ձևավորման, առարկայական ծրագրերի, նոր դասագրքերի իմաստով, ուսուցիչների վերապատրաստման մեծ ծրագրեր պետք է իրականացնենք: Մենք նախորդ տարվա կեսին փոխեցինք մեթոդական ցուցումները գնահատման մասով, որտեղ հնարավորություն տվեցինք, որ կարողանան իրականացնել նաև նախագծային աշխատանքներ, փորձեն հրաժարվել կիսամյակային գրավոր աշխատանքներից:
Բայց այս տարվանից էլ մեր ուսուցիչները ստացել են մի շարք հնարավորություններ, նաև դպրոցները` իրենց գործունեությունը կազմակերպել ավելի ճկուն, ավելի ազատ», - շեշտեց նա:
Որպես օրինակ Ժաննա Անդրեասյանը բերեց կիսամյակային գրավորների ոչ պարտադիր լինելը. «Կիսամյակները գնահատականով են փակվում, երեխան կիսամյակի ընթացքում տարբեր աշխատանքներ է կատարում, գնահատվում է դրա համար, և նրա կիսամյակն ամփոփվում է այդ գնահատականներով, իսկ նախկինում երեխան աշխատում էր կիսամյակի ընթացքում, բայց վերջում էլ գրում էր մի գրավոր աշխատանք, որից կախված նրա ամբողջ կիսամյակի գնահատականը կարող էր փոխվել: Դա լուրջ խնդիր էր առաջացնում, իսկ եթե չէր մասնակցում, ապա «մեկ» էր գնահատվում: Այսինքն` գնահատման մասով որոշակի փոփոխություններ են արվել, որոնք արդեն այս տարի գործում են, և մեր դպրոցները կարող են այս ձևաչափով աշխատանքները կազմակերպել»:
Ըստ նրա` այլևս կիսամյակային գրավոր աշխատանքի պահանջ պարտադիր չկա, և սա նշանակում է, որ երեխան կիսամյակի ընթացքում տարբեր աշխատանքներ է կատարում, գնահատվում է դրա համար, և նրա կիսամյակն ամփոփվում է այդ գնահատականներով:
«Մեկ այլ փոփոխություն դասացուցակի կազմման հնարավորություններն են` մենք դպրոցներին տվել ենք հնարավորություն խմբավորել օրինակ` արվեստի, ֆիզկուլտուրայի ժամերը», - նշեց նա` հավելելով, որ տարբեր երկրներում շաբաթվա ընթացքում կազմակերպվում է օր դասացուցակն ավելի բեռնաթափելու, այդ օրը հանգստանում են երեխաները:
«Մենք ուսումնական պլանին տվել ենք հնարավորություն, որ եթե կկարողանան դպրոցները կազմակերպել իրենց աշխատանքը, ապա օրինակ` ամսվա կտրվածքով արվեստի ժամերը կարող են հավաքել շաբաթական մեկ օրվա տրամաբանության մեջ և կազմակերպել այդ օրերը, նաև կարծում եմ` կարևոր փոփոխություններ ենք իրականացրել այն մեթոդական աշխատանքների մասով, որոնց հնարավորությունը տրվում է ուսուցիչներին», - ասաց փոխնախարարը:
Մասնագիտական կառույցների կողմից ուսուցիչների հետ համագործակցությամբ մշակվել են մեծ շտեմարաններ թեմատիկ աշխատանքների, դասերի պլանների, որոնք պիտի օգնեն ուսուցիչներին շատ ավելի իրազեկ ու մեթոդապես ճիշտ կազմակերպել աշխատանքները, ընդգծեց Անդրեասյանը:
Անվտանգության խնդիրները լուծելու համար դպրոցներին գումար է տրամադրվում
Հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ուսումնասիրության համաձայն` ՀՀ մարզերի նախակրթարանների 90 տոկոսում հրդեհային անվտանգության կանոնների մի շարք խախտումներ են արձանագրվել, որոնք իրական վտանգներ են ստեղծում` ըստ փորձագետների: Հարցին` սա՞ է պատճառը նոր դպրոցների, մանկապարտեզների կառուցման, փոխնախարարն արձագանքեց, որ տարբեր կառույցների հետ աշխատում են, ուսումնասիրություններին տեղյակ են, հավելեց. «Ունենք առանձին ծրագրեր, օրինակ` պետբյուջեից դրամաշնորհային ծրագիր, որով յուրաքանչյուր դպրոցի տալիս ենք 2 միլիոն դրամից ավելի գումար նմանատիպ խնդիրները լուծելու համար»:
Ինչ վերաբերում է տնօրենների մասով փոփոխություններին, ապա Անդրեասյանն ասաց. «Տնօրենների մասով շատ հստակ է, հանրակրթության պետական չափորոշիչը հստակ սահմանում է տնօրենների պարտավորությունը:
Ամռանը շրջանառեցինք մանկավարժական աշխատողների պաշտոնների նոր անձնագրերը, պարտականություններով, որով նկարագրում ենք, թե յուրաքանչյուր մանկավարժական աշխատող ինչ անելիք ունի, մեր խորին համոզմամբ` հատկապես հանրակրթության նոր պետական չափորոշչի պահանջների պարագայում ժամանակ որևէ այլ գործունեության համար տնօրենն ուղղակի չի ունենալու»:
Ըստ պաշտոնյայի` տնօրենները զբաղվելու են ուսման որակով:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.