Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով ձերբակալվել է չորս հոգի


Ստեփանակերտում հրետանային արկեր են պահեստավորել, որ դրանք վերածեն մետաղի ջարդոնի՝ հետևանքը երեկ կեսօրին քաղաքում որոտացած պայթյունն էր, հրդեհն ու սև ծուխը. զոհեր, տուժածներ չկան:

«Գունավոր մետաղների ընդունման կետ է, այդ ռազմամթերքը հանձնվել է որպես ոչ թե ռազմամթերք, այլ հանձնվել է որպես մետաղ, բայց հաշվի առնելով, որ ինքը լիցքավորված վիճակում է եղել, իրանք դա առանձնացրել ու պահեստավորել էին, որ հետագայում, այս պահի դրությամբ դեռ չպարզված, վնասազերծեին ու որպես մետաղ հանձնեին», - ասաց Ստեփանակերտի ոստիկանության վարչության պետ Բորիս Ջալավյանը:

Ստեփանակերտի ոստիկանության վարչության պետի տեղեկացմամբ՝ հրդեհի ու պայթյունի դեպքով այժմ 4 ստեփանակերտցիներ են ձերբակալված. - «Քննություն է տարվում ու ձերբակալվածների մեջ հանդիսանում են նաև այդ մարդիկ, ովքեր հանձնել են»:

Քաղաքի նախկին թաշկինակի գործարանի շենքը, որ սեփականաշնորհված է՝ մի քանի վարձակալներ ունի՝ թթվածնային սարքավորումների, եվրոպատուհանների արտադրամաս և առաջին հարկում էլ մետաղի ընդունման կետ կա։ Պայթյունից հետո է պարզ դարձել, որ այդ կետում մեծ քանակությամբ զինամթերք է, ընդ որում՝ նաև մի մասը պիտանի: Այդ արտառոց բիզնեսի հեղինակները արկից պայթուցիկ տրոտիլը հանում-վնասազերծում են ու մետաղը փողի վերածում, այս դեպքում պահեստը պայթել է մինչև վնասազերծումը: Ապօրինի ռազմամթերքի պահեստի տեղը միայն դրա հետ համագործակցողները գիտեին:

«Եթե հայտնի լիներ, ուրեմն ավելի վաղ, ավելի շուտ համապատասխան գործողություն իրականացված կլիներ, հայտնի չի եղել ու անգամ իմ կարծիքով ոչ մեկի մտքով նման բան չէր անցնի, որ կարելի է ռազմամթերքը որպես մետաղ հանձնել», - նշեց Ջալավյանը:​

Թե ինչի՞ց է հրդեհը բռնկվել՝ ոստիկանության ներկայացուցիչն ասում է՝ պարզ կդառնա այժմ իրականացվող փորձաքննություններից հետո։ Արցախի ոստիկանները, նախ, հայտարարեցին, թե թթվածնային սարքավորումների արտադրամասում բարձր ճնշմամբ տարաներ են պայթել։ Այժմ, սակայն, կանգ են առել ապօրինի ռազմամթերքի պահեստի վարկածի վրա: Թաշկինակի գործարանի հրետանային արկերի պայթյունի գործը այսօր կփոխանցվի Քննչական կոմիտե:

Արցախյան պատերազմից հետո սպառազինություն հայտնվեց, այսպես ասած, ոչ պատերազմական միջավայրում, բնակավայրերում, տնամերձներում, մշակովի հողատարածքներում, հիմա պարզվում է՝ նաև մետաղի ջարդոնի ընդունման կետերում:

Արցախի հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրեն Արթուր Ջավադյանի խոսքով՝ հետպատերազմական փուլում որևէ ահազանգ չեն ստացել զինամթերքը մետաղի ջարդոնի վերածելու մասին: Այս կենտրոնը սակրավորների 6 խմբերով պատերազմի հետքերն է մաքրում Արցախում:

«Երբ պատերազմն ավարտվել ա, առաջին խնդիրը եղել ա, որ բնակելի տարածքները հիմնականում մաքրվեն, բնակելի տարածքները հիմնականում մաքրված են», - նշեց Ջավադյանը:

Արթուր Ջավադյանի տեղեկացմամբ՝ Արցախի տարբեր տարածքներից այս երկու տարում հայտնաբերել են 900 հազար 705 զենք ու զինամթերք՝ տեսականին մինչև 400 -ի հասնող՝ կասետային ռումբերից մինչև ականներ:

«Մեր կողմից ոչնչացվել ա 3 մեծ ավիառումբ, որոնք չէին պայթել, մեկ ավիառումբի կշիռը 125 կիլո ա», - նշեց կենտրոնի տնօրենը:​

Ականազերծման կենտրոնից բացի Արցախի բնակավայրերը մահացու զինամթերքից մաքրում են նաև արցախցի փրկարարները, ռուս խաղաղապահները և «Հելո Թրասթ» միջազգային կազմակերպության մասնագետները: Պատերազմից հետո Արցախում ականի պայթյունից մեկ հոգի է մահացել, իր դաշտում հողային աշխատանք կատարող մարտակերտցի:

XS
SM
MD
LG