Մատչելիության հղումներ

Քովիդը, ըստ մասնագետի, Հայաստանում թևակոխում է սրացման նոր փուլ


Հայաստանում վերջին շաբաթներին կորոնոավիրուսի դեպքերի աճ է նկատվում։ Ինչպես շատ երկրներում, Հայաստանում ևս, համավարակը հարաբերական կայունից թևակոխում է սրացման նոր փուլ, ասում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։

«Սեպտեմբերին, միանշանակ, կանխատեսվում է, որ այդ ալիքն ավելի ցայտուն կլինի, ավելի ակտիվ կլինի, որովհետև դիտարկում ենք ուսումնական գործընթացի վերսկսում և համավարակի վերջին երեք տարվա ընթացքում մեր փորձը ցույց է տալիս, որ կրթկան պրոցեսի ակտիվացման հետ մենք ունենում ենք իրավիճակի վատթարացում», - ասաց Սահակյանը։

Անցյալ շաբաթ, օգոստոսի 15-ից 21-ը ընկած ժամանակահատվածում, Հայաստանում գրանցվել է քովիդով վարակվածության 1913 նոր դեպք։ Օգոստոսի առաջին կեսին, նախորդ երկու շաբաթների համեմատ, նոր դեպքերի թիվն աճել է 10 տոկոսով։ Համավարակի սրացման տեսանկյունից թեժ աշուն է կանխատեսել նաև Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը, ընդ որում, ըստ Գայանե Սահակյանի, կանխատեսվում է, որ նոր ալիքն ավելի բարդ փուլով կզարգանա։

Բազմաթիվ երկրներ արդեն պլանավորել են նոր սահմանափակումներ, այդ թվում՝ վերդարձ դիմակների կրմանը։ Արդյո՞ք Հայաստանում ևս սպասվում են նոր սահմանափակումներ։

«Անկեղծ, Հայաստանի Հանրապետությունում մենք չենք դիտարկում որևէ սահմանափակում այս պահին կիրառելու։ Ըստ երևույթին, դա ակնհայտ կլինի, թե ինչպիսի իրավիճակ կունենանք, իրավիճակից կախված, իհարկե, մեզ մոտ էլ քննարկումներ կլինեն, և համապատասխան սահմանափակումներ՝ եթե անհրաժեշտ լինի, համապատասխան սահմանափակումներ կունենանք», - ասաց Սահակյանը։

Համավարակի նոր ալիքին պատրաստվելու միակ արդյունավետ միջոցն, ըստ մասնագետի, պատվաստումներն են, որոնք սակայն, Հայաստանում մեծամասամբ նախորդ տարի են մեծ թափով կատարվել, իսկ այս տարի դանդաղել։ Առ այսօր Հայաստանում պատվաստվել է միայն չափահաս բնակչության մոտ 45 տոկոսը, իսկ երրորդ՝ բուստեր դեղաչափն ընդամենը 3 տոկոսն է ստացել։

Պատվաստումների ցուցանիշները զարգացած երկրների համեմատ ցածր են նաև խոցելի խմբերի շրջանում։

«Խոսքը գնում է հիմնականում երկու դեղաչափ ստացածների տոկոսային հարաբերությանը․ մեր մեծահասակ ազգաբնակչության մոտ 45 տոկոսն է ընդամենը ստացել, իսկ բուստեր կամ խթանիչ դեղաչափ՝ ընդամենը 3 տոկոսը, իսկ դա բավարար չէ։ Նույնը ցույց է տալիս մեր ներկայիս վերլուծությունը, այսինքն, հոսպիտալացումների վերլուծությունը, երբ որ մենք նայում ենք, գրեթե մեծամասնությունը չպատվաստված են, իսկ եթե պատվաստված են, դա շատ վաղուց՝ մեկ տարի առաջ», - ասաց Սահակյանը։

XS
SM
MD
LG